News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բացառիկ հարցազրույց է տվել artsakhpress.am-ին որտեղ նշել է, որ համանախագահները մի շարք առաջարկներ են արել հակամարտության կողմերին:

Պարոն Ուորլիք, հայտնի է, որ անցած տարվանից ի վեր շփման գծի երկայնքով արձանագրվել է լարվածության աճ, ինչը զգալիորեն վտանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Տեսնու՞մ եք, արդյոք, հայտարարություններից բացի, որեւէ գործնական մեխանիզմներ, որոնք կարող են նպաստել իրավիճակի կայունացմանը:

Անցած տարվա ընթացքում շփման գծի եւ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով լարվածության աճը վտանգում է ոչ միայն համանախագահների միջնորդական ջանքերը, այլեւ նախագահների հանձնառությունը իրենց ժողովուրդների առջեւ՝ լուծելու ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով:

Գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք կարող են նվազեցնել ոչ դիտավորյալ պատահարների հավանականությունը հակամարտության գոտում, եւ մենք սատարում ենք դրանց իրականացումը՝ ուղղված տեղում իրավիճակի կայունացմանը: Համանախագահները հակամարտության կողմերին ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք այժմ քննարկվում են տարածաշրջան մեր այցի ընթացքում:

Համանախագահներն այժմ գտնվում են տարածաշրջանում: Կա՞ն որեւէ կոնկրետ առաջարկներ, որոնք քննարկվելու են բոլոր երեք կողմերի հանդիպումների ընթացքում:

Նախ եւ առաջ, մենք կողմերի հետ խոսում ենք տարածաշրջանին սպառնացող վերջին լարվածության ու բռնության մասին: Բռնության շարունակման պայմաններում չի կարող առաջընթաց լինել դիվանագիտական հարթությունում: Մենք նաեւ բարձրացնում ենք նախագահների հանդիպումների վերականգնման անհրաժեշտության հարցը, ում ձեռքերում են գտնվում խաղաղության բանալիները: Բացի դրանից, կարեւորում ենք տեւական կարգավորման վերաբերյալ համապարփակ բանակցությունների սկսումը: Չափազանց կարեւոր է ունենալ կայուն բանակցային գործընթաց, որը կարող է բերել խաղաղության մասին համաձայնագրի:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Դուք նշել եք, որ Աստրախանի հռչակագրի համաձայն ՝ Ադրբեջանի երկու քաղաքացիների (որոնք դատապարտվել են ծանր հանցագործությունների համար) փոխանցումն Ադրբեջանին կլինի կարեւոր մարդասիրական քայլ, որը կարող է նպաստել լարվածության նվազեցմանը եւ կողմերի միջեւ վստահության հաստատմանը: Արդյո՞ք, կարծում եք, որ Աստրախանի հռչակագիրը կիրառելի է հանցագործների պարագայում, եւ այս հանցագործությունների անպատժելիության հանգամանքը չի խորացնի Ադրբեջանում ամենաթողության կեղծ զգացումը, ինչը տեղի ունեցավ Ռամիլ Սաֆարովի դեպքում:

Նախկինում կողմերը, որպես մարդասիրական քայլ, հիմնականում ճանապարհ գտել են վերադարձնելու բանտարկյալներին: Ներկայիս այս աստիճանի լարվածության պայմաններում, նման մարդասիրական մոտեցումը կարող է խթանել բանակցությունների համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

1997 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի ուղղակի եւ լիիրավ կողմ չի եղել: Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարբեր առիթներով հայտարարել են, որ ղարաբաղյան կողմը շուտով կրկին կընդգրկվի ուղիղ բանակցություններում: Չե՞ք կարծում, որ տվյալ իրավիճակում բանակցությունների նախկին՝ եռակողմ ձեւաչափի վերականգնումը վճռորոշ դեր կունենա դրանց առաջընթացի համար:

Ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը: Կողմերի համար առաջին քայլն այն է, որ նրանք արտահայտեն իրենց պատրաստակամությունը՝ սկսելու նման բանակցություններ:

Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ համանախագահությունն սպառել է իրեն, եւ համանախագահների միջեւ առկա են տարաձայնություններ եւ առաջարկել փոփոխություններ մտցնել միջնորդական ձեւաչափի մեջ: Համաձա՞յն եք վերոնշյալի հետ:

Որպես համանախագահներ՝ մենք միասնական ենք մեր ջանքերում՝ միջնորդելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ տեւական կարգավորմանը: Մինսկի խումբը միջնորդական միակ ձեւաչափն է, որն ընդունելի է կողմերի համար: Մենք շարունակելու ենք խաղաղության հաստատմանն ուղղված մեր աշխատանքները մեր մանդատի շրջանակներում, քանի դեռ բոլորը համամիտ են, որ մեր դերը, որպես միջնորդների, մնում է օգտակար:

Պարոն Ուորլիք, շնորհակալություն ենք հայտնում՝ հարցազրույցի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ