Գերմանական «Die Tageszeitung» պարբերականի ստամբուլյան թղթակից Յուրգեն Գոթշլիգը «Ցեղասպանությանը մեղսակցություն. Գերմանիայի դերը հայերի կոտորածում» անվանումով գիրք է գրել, որ լույս կտեսնի առաջիկայում: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը:
Թուրքիայում հայերի նկատմամբ վայրագություններից 100 տարի անց գերմանացի գրող եւ լրագրող Յուրգեն Գոթշլիգը Գերմանիային մեղադրում է ցեղասպանությանը մեղսակցության մեջ: Նրա խոսքով, հասկանալի է, որ գերմանացի զինվորականներն ու դիվանագետները տեղեկացված էին Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածի եւ տեղահանման մասին: Լրագրողը քննադատում է փաստը, որ Գերմանիան գրեթե չի անդրադառնում հայերի կոտորածում իր դերի հարցին:
Գոթշլիգը եղել է իրադարձությունների վայրերում, զրուցել ընտանիքների սերունդների հետ, ինչպես նաեւ ուսումնասիրել գերմանական եւ թուրքական արխիվները:
Արդյունքը դարձել է փաստագրական պատմական աշխատությունը, որում բազմակողմանիորեն դիտարկվում է Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի մասնակցությունը, ինչպես նաեւ մինչեւ հիմա այդ իրադարձությունների շուրջ գոյություն ունեցող հակասությունները: