Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ձերբակալել է անձանց, որոնք կարող են մասնակից լինել Խարկովում տեղի ունեցած պայթյունին: Այն տեղի է ունեցել փետրվարի 22-ին, քաղաքի կենտրոնական «Մարշալ Ժուկովի» մետրոյի կայարանի հարեւանությամբ, Արժանապատվության քայլերթի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է երկրի Անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդական Մարկիյան Լուբկիվսկին:
Նրա խոսքով, կասկածյալները պատրաստվում էին ռեակտիվ հետեւակային հրանետից կրակ արձակել ակումբի ուղղությամբ, որտեղ հաճախ հավաքվում են ուժայինների գործողությունների մասնակիցներն ու կամավորները, ինչպես նաեւ քաղաքի առեւտրի կենտրոններից մեկի ուղղությամբ:
«Ծրագրվում էին նաեւ դիվերսիոն եւ ահաբեկչական այլ միջոցառումներ»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Խարկովում Արժանապատվության քայլերթի ժամանակ պայթյուն էր որոտացել: Նախնական տեղեկություններով, երեք մարդ զոհվել է, տասը հոգի վիրավորվել: Խարկովի մարզի դատախազ Յուրի Դանիլչենկոն լրագրողներին տեղեկացրել է, որ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել: