News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը դիմելու է ՄԻԵԴ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը՝ Արա Զաքարյանը։

«Ինձ համար սպասելի էր այս որոշումը, քանի որ, ցավոք սրտի, քաղաքական գործերով մեր դատարանները ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ իշխանության պատվերն են կատարում, ու այս առումով մեզ համար սպասելի էր, որ Վճռաբեկը չի բարեհաճի բողոքը վարույթ ընդունել»,-ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանի մերժումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական  բանտարկյալ է։

«Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով ուներ նախադեպային որոշումներ, որոնցում դիրքորոշում էր հայտնել, այսինքն՝ այս գործով Վճռաբեկը գոնե պարտավոր էր վարույթ իրականացնել եւ գնահատական տալ, սակայն այս դեպքում Վճռաբեկը որեւիցե գնահատական չցանկացավ տալ»,- ասաց Արա Զաքարյանը՝ նշելով, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվում էր նրա ծավալած հասարակական գործունեության համար։

Արա Զաքարյանը ապօրինի համարեց նաեւ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքից 2000 դոլարի բռնագանձումը, քանի որ, ըստ փաստաբանի, գումար բռնագանձելու համար առանձին մեղադրանք պետք է առաջադրվեր, որը չի եղել։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։

Տպել
Ամենաշատ