News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը փետրվարի 22-25-ը մասնակցել է Լոնդոնում կայացած Իրավական հարցերով համաշխարհային գագաթաժողովին:

Միջոցառումը նախաձեռնել էր Արդարադատության պետքարտուղար եւ Լորդերի պալատի նախագահ Քրիս Գրեյլինգը: Այն նշանավորվել է Ազատությունների մեծ խարտիայի կնքման 800-ամյակով:

Համաշխարհային գագաթաժողովին մասնակցել են աշխարհի մի շարք երկրներից ժամանած  պատվիրակություններ` կառավարությունների ղեկավարներ, արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազությունների, բիզնեսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, դատավորներ, իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը քննարկվել են օրենքի գերակայության ապահովման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում իրավաբանական ծառայությունների արդիականացման, փողերի լվացման, ներդրումների իրավական ապահովման հետ կապված հարցեր:

Գագաթաժողովի շրջանակում փետրվարի 24-ին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Սիմոն Հուջեսի հետ: Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների, հնարավոր համագործակցության, հակակոռուպցիոն քաղաքականության, պրոբացիոն ոլորտում կատարվելիք բարեփոխումների, արդարադատության համակարգում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման, փողերի լվացման վերաբերյալ խնդիրներ: Կողմերն անդրադարձել են նաեւ խտրականության վերաբերյալ օրենսդրության բարեփոխումների, դատական իշխանության արդյունավետության բարելավման, դատավորների անկախության ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների իրականացմանն առնչվող հարցերին:

Իրավական հարցերով գագաթնաժողովի շրջանակում արդարադատության նախարարի տեղակալը երկկողմ եւ բազմակողմ այլ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների արդարադատության նախարարների, գլխավոր դատախազների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են արդարադատության մատչելիության, օրենքի գերակայության եւ կայուն զարգացման, օրենսդրական հզորացման նպատակների վերաբերյալ հարցեր:

Արդարադատության ոլորտում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Լոնդոն կատարած այցի շրջանակում ներկա է գտնվել նաեւ թագուհի Եղիսաբեթ 2-րդի եւ Էդինբուրգի դուքսի կազմակերպած ընդունելությանը, որը նույնպես նվիրված է եղել Ազատությունների մեծ խարտիայի կնքման 800-ամյակին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ