News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել խուլիգանություն կատարելու, ապօրինի կերպով հրազեն կրելու եւ երկու անձանց սպանության փորձի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով հարուցված քրեական գործը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, թե նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015թ. փետրվարի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում հատուկ ծառայություն իրականացնող անձ Արմեն Վ.-ն իր կնոջ աշխատանքային հարցերի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով ընկերների հետ միասին վիճաբանել է քաղաքացիներ Ռուդոլֆ Ս.-ի, Արմեն Է.-ի եւ դեպքի վայր ժամանած այլ քաղաքացիների հետ:

Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի մասնակիցները ոտքերով եւ ձեռքերով, քարերով ու դանակով հարվածներ են հասցրել միմյանց, բարձրաձայն հնչեցրել են հայհոյանքներ` բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ: Վիճաբանության մասնակից Բագրատ Թ.-ն ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, գիտակցելով իր գործողություններով տվյալ վայրի անցորդների կյանքը եւ առողջությունը իրական վտանգի տակ դնելու հանգամանքը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ կրվող հրազենից կրակել է Արմեն Է.-ի եւ Ռուդոլֆ Ս.-ի ուղղությամբ, ովքեր հրազենային վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ հաջողվել է փրկել նրանց կյանքը, այսինքն՝ հանցագործությունն ավարտին չի հասցվել Բագրատ Թ.-ի կամքից անկախ հանգամանքներով:

Բագրատ Թ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ