News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու եւ մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանը համոզված է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հաշվեհարդար է: Այս մասին ասվում է կալանավայրից տարածած Հայկ Կյուրեղյանի հայտարարության մեջ, որը, Կյուրեղյանի խոսքով, ինքը ստիպված է անել՝ զրկված լինելով հրապարակայնորեն ինքն իրեն պաշտպանելու իրավունքից, քանի որ նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը նրա  նկատմամբ տասը ժամով դատական նիստերին չմասնակցելու սանկիցա էր կիրառել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

«Սկսվեց իմ գործով՝ ռեժիմը ընդդեմ Հայկ Կյուրեղյանի, դատավարությունը, որն ընթանում է առանց ամբաստանյալի, այսինքն` առանց իմ մասնակցության և առանց օրենքով նախատեսված կարգով իմ կողմից տրված համաձայնությամբ նշանակված պաշտպանի: Իմ և շատ շատերի համոզմամբ, ինչպես մինչ այս կայացած այլ քաղաքական դատավարությունների, այս դատը նույնպես վերածվել է քաղաքական հաշվեհարդարի, ինչը որ ես ակնկալում էի: Չունենալով հնարավորություն ներկա գտնվելու իմ «սեփական» դատավարությանը և զրկված լինելով հրապարակայնորեն ինքս ինձ պաշտպանելու իրավունքից` ստիպված եմ դիմելու այս ժանրին»,- ասվում է Հայկ Կյուրեղյանի հայտարարությունում:

Հայկ Կյուրեղյանը նաեւ նշել է, որ դեռևս առաջին նիստի ժամանակ ոտքի չի կանգնել, քանի որ «Հայաստանում դատական համակարգը գործող ինքնակոչ իշխանությունների խամաճիկն է, որի հիմնական գործառույթը ոչ թէ արդարադատության իրականացնումն է հանուն ՀՀ-ի, այլ իշխանությունների «չագուչն» ընդդեմ ժողովրդի»:

Հայտարարությունում Հայկ Կյուրեղյանը անդրադարձել է նախորդ դատական նիստին ոստիկան Արմինե Գրիգորյանի ցուցմունքին, որում տուժող վկան պնդում էր, որ ակցիային վնասվել է նաեւ ինքը: Կյուրեղյանը վստահեցնում է, որ այդ ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում:

«Վերջին նիստի հեռուստատեսային լուսաբանման ժամանակ ներկայացվեց «տուժող» ոստիկանուհու ցուցմունքն այն մասին, որ իբր Շանթի գործով դատավարության ընթացքում իմ կատարած ակցիայի ժամանակ վնասվել է նաև ինքը: Որքան հասկացա, փորձ է արվում ստեղծել այնպիսի պատկեր, որ ես ընդունակ եմ ձեռք բարձրացրել ոչ միայն հայ կնոջ, թեկուզ ոստիկան, այլ նաև իմ ակցիային չառնչվող ցանկացած այլ անձի վրա:Պնդում եմ, որ այդ ցուցմունքն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, կեղծ է և հորինովի: Ռեժիմը հավատարիմ իր գործելաոճին, այս անգամ ևս դիմեց հոգեհարազատ ստին, կեղծիքին ու շանտաժին: Չկա և չի կարող լինել որևէ փաստացի ապացույց, ցուցմունք, կամ տեսագրություն, որը կհիմնավորի ոստիկանուհու շինծու ցուցմունքը»,- գրում է Կյուրեղյանը՝ նամակին կից ներկայացնելով տեսանյութեր, որոնցում ոչ մի կին ոստիկան չի երեւում:

Հայկ Կյուրեղյանը հայտարարության մեջ կրկնել է ակցիայի ժամանակ արած այն  հայտարարությունը, որ իր «կրակոցներն» ուղղված են եղել բացառապես երկրում իշխող համակարգին:

«Ես դեմ եմ դուրս եկել հրեշին՝ գործող համակարգին և այդ համակարգով իշխող ռեժիմին,և իմ «կրակոցներն» ուղղված են բացառապես համակարգին»,- ասվում է նամակում:

Նշենք, որ այսօր՝փետրվարի 27-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ նախագահող դատավորն այլ գործով խորհրդակցական սենյակում էր:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին նրան վնասազերծել եւ տարել էին ոստիկանություն։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ» և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:

Տպել
Ամենաշատ