News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանից ներկայացվելիք դատավորների երկրորդ անգամ կազմակերպված մրցույթում բավականին լուրջ հետընթաց կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորման» հասարակական կազմակերպության ղեկավար Լուսինե Հակոբյանը:

Նա նշեց, որ մրցույթի արդյունքները ամփոփվել են երեկ, դրանք երեւի հայտնի կդառնան մինչեւ երկուշաբթի, քանի որ հանձնաժողովը այս ամեն ինչը արագ կազմակերպելու խնդիր ունի:

Լուսինե Հակոբյանը նշեց, որ այս անգամ իրենց թույլ չեն տվել դիտարկել ամփոփիչ նիստը, թույլ չեն տվել ծանոթանալ մրցույթային հայտերին, փաստաթղթերը, ինքնակենսագրականները, հայտարարագրերը դիտարկելը, ինչը թափանցիկության եւ հրապարակայնության սկզբունքի խախտում է, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի հրամանագրի խախտում է: «Այս անգամ շատ սահմանափակել էին մեր իրավունքները, միայն թույլ են տվել դիտարկել հարցազրույցի փուլը, որը ենթադրում է իրենց տված հարցերը եւ մասնակիցների պատասխանները, չեմ ցանկանա գնահատել պատասխանները, դա իմ գործը չէ»,-ասաց փաստաբանը:

Լուսինե Հակոբյանը շեշտեց, որ իրեն հետաքրքիր կլինի իմանալ, թե հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը ինչպես է գնահատել տվյալ թեկնածուին եւ ինչպես է հիմնավորում այդ գնահատականը: Որպես լեզվի մասնագետ՝ նա կցանկանար տեսնել նաեւ այն գրավոր թարգմանությունները, որ արել են մրցույթի մասնակիցները:

«Եթե նախորդ անգամ մեզ հասու են եղել փաստաթղթերը եւ արել ենք մի շարք բացահայտումներ, օրինակ՝ ժամկետը լրանալուց հետո թեկնածուների փաստաթղթերը ներկայացնելու մասին, ապա այժմ թույլ չեն տվել դիտարկել փաստաթղթերը, այս անգամ կազմակերպված մրցույթը ոչ մի կերպ չի կարելի դիտարկել ավելի լավը, ետընթացը բավական լուրջ է: Այս բոլոր ընթացակարգերի համար Եվրոխորհուրդը պահանջում է շատ մեծ թափանցիկություն, որ հանրությանը կարողանա տեսնել, թե այդ անձինք ինչպես են կարողանում հիմնավորել իրենց գնահատականը»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այս անգամ եւս ԻՀԿ-ն կհրապարակի զեկույցներ մրցույթի վերաբերյալ, դրանք կներկայացնի նաեւ ԵԽԽՎ-ին:

Լուսինե Հակոբյանից խնդրեցինք նաեւ կանխատեսել, թե այս անգամ ովքեր կընդգրկվեն Հայաստանից ներկայացնելիք ցուցակում ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար: Նա նշեց, որ կլինի Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը , «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջին անգամ կազմակերպված մրցույթի արդյունքում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյան, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյան եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյան։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ներկայացված ցուցակի վերաբերյալ ԵԽԽՎ-ից բացասական եզրակացություն ստանալու պատճառով Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները, հայտարարվել էր նոր մրցույթ: Այս անգամ  մրցույթին մասնակցելու համար դիմել էր 15 հոգի, նրանցից մեկը Արդարադատության նախարարի խորհրդական Հայկանուշ Պարսամյանը չի հաղթահարել փաստաթղթային փուլը:

Մրցույթին մասնակցելու համար դիմել է «Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության» (WTA) լիիրավ անդամ, իրավախորհրդատու  Դավիթ Հակոբյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Աննա Մարգարյանը, Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի դատավոր: Ստեփան Միքայելյանը, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը, Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը , ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանը, Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Ռաֆիկի Գրիգորյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը, ով նախորդ մրցույթում հաղթած եւ Հայաստանից ներկայացված 3 թեկնածուներից մեկն է:

Մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը,  Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արտյոմ Գեղամյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։ Ելիզավետա Դանիելյանը, հայտնի փաստաբան, նախորդ մրցույթին մասնակցած Վահե Գրիգորյանը:

Տպել
Ամենաշատ