News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վաղ թե ուշ, այս թեմային անկասկած պետք էր անդրադարձ կատարվեր, քանզի պահն իրոք, արդեն հասունացել էր: Ինձ եւ վստահ եմ նաեւ, որ շատերիս մոտ, ակամայից խորը հարգանք եւ ականածանք է առաջանում, երբ խոսքը գնում է հրեա ժողովրդի մասին: Քանզի այն անուրանալի ավանդը, որ հրեա ժողովուրդը ունեցել է մարդկային գործունեության բոլոր բնագավառում, չի կարող ուղղակի հիացմունքի պատճառ չդառնալ:

Սակայն, այն անբարոյական վերաբերմունքը, որն որդեգրել են Իսրայել պետության ներկայիս առաջնորդները Հայոց ցեղասպանության, եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, նվազագույնը` ուղղակի առաջացնում է հայերիս բուռն ցասումն ու  այն մտատանջությունը, թե ինչպե՞ս կարող է հրեաների նման հնագույն ազգի մերօրյա ղեկավարությունը նմանատիպ ամոթալի քաղաքական վարքագիծ դրսեւորել իր նման հնագույն ու նաեւ բախտակից հայ ժողովրդի նկատմամբ:

Եթե օրինակ համաշխարհային պատմությունից քիչ թե շատ տեղյակ ցանկացած մեկին հարցնենք, թե ինչ ընդհանրություններ ունեն հայ եւ հրեա ժողովուրդները, ապա վստահ եմ հարցվողը անմիջապես երկու ընդհանրություններ առաջ կքաշի, մեկը, կապված երկու ազգերի հնագույններից մեկը լինելու գաղափարի հետ, իսկ մյուսը, որ երկու ազգերն էլ ենթարկվել են ցեղասպանության` ժամանակի եւ տարածության տարբեր հատվածներում:

Եվ իրոք, հաշվի առնելով այդ երկու կարեւոր հանգամանքները, ինչպես նաեւ այլ ընդհարություններ, որ կան այդ երկու ազգերի միջեւ, սկսած Երուսաղեմում Հայոց Եկեղեցու կարգավիճակից բխող արտոնություններից, մինչեւ հայերի եւ հրեաների միջեւ դարավոր կապերն ու բարիդրացիական հարաբերությունները եւ նաեւ նկատելով, թե ինչպիսի վատթարագույն հարաբերությունների մեջ է Իսրայելը այսօր գտնվում Թուրքիայի հետ, ապա մի պարզ հարց է առաջանում ցանկացածիս մոտ. ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում եւ դատապարտում թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, քանզի տրամաբանությունից բխող բոլոր ուղիները տանում են դեպի այն պարզ իրողությունը, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը պարտավոր է դատապարտել իր բախտակցի հետ տեղի ունեցած նմանատիպ ոճիրը: Բայց ո՛չ, Իսրայել պետության ղեկավար հատվածները ոչ միայն չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլեւ իրենց նախագահ Ռեուվեն Ռիվլինի շուրթերով ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնից իրենց մեջ համապատասխան ուժ չեն գտնում, անցյալ դարասկզբին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն կոչելու համար:

Սակայն հենց այդ նույն ելույթում, հենց այդ նույն մարդը խոսում եւ դատապարտում է ադրբեջանական քարոզչամեքենայի գործունեության արդյունքում ծնունդ առած Խոջալուի մտացածին ու կեղծ դեպքերի մասին` դա անվանելով ցեղասպանություն:

Այդ ելույթից շատ չանցած հրեա հայտնի գիտնական, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոն հանդես է գալիս Ռիվլինի ելույթի մասին քննադատական հրապարակմամբ, որի մեջ նշում է, որ Ռիվլինը իր մտերիմ ընկերն է եւ իրենց անձնական զրույցներում բազմաթիվ անգամ նշել է, որ ծանոթ է հայերի հետ կատարվածին եւ այն համարում է ցեղասպանություն: Պրոֆեսորը նաեւ միտք էր հայտնում, որ նախագահի ելույթի մեջ Խոջալուի հորինված դեպքերի մասին տեղեկատվության հայտնվելը, նա կապում Իսրայելի ԱԳՆ-ի եւ մասնավորապես նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ:

Եվ այսպես, Ավիգդոր Լիբերման, մարդ, ում գործունեության անընդունելիությունն էլ ինձ ստիպեց գրել այս հոդվածը` ներկայացնելով նրա բարոյազուրկ կերպարը:

Այս գործչի արձագանքը այն դեպքերում, երբ խոսքը գնում է Հոլոքոստի եւ հայերի ցեղասպանության մասին, միշտ էլ լինում էր եւ այսօր էլ լինում է ոչ ադեկվատ: Երբ, ոմանք ընդհանուր գծեր են տանում այդ երկու ոճրագործությունների մեջ Լիբերմանը միշտ հորդորում է այդ դեպքերը չհամեմատել իրար հետ եւ միշտ խոսում է Հոլոքոստի եզակիության գաղափարի մասին:

Դիտելով նրա` նացիստական համակենտրոնացման ճամբար Օսվենցիմի ազատագրման 70-ամյա տարելիցի հետ կապված հարցազրույցը, «Россия 24» հեռուստալիքով, եւ լսելով նրա պատասխանները վերջնականապես գալիս ես այն համոզման, որ այս գործիչը, պարզապես խանդով է մոտենում այն հանգամանքին, որ ինչ որ մեկը Հոլոքոստ բառի կողքին դնում է Հայոց ցեղասպանություն բառը: Եվ իրոք նրա խոսքերի ընդհանրացման արդյունքում այն պատկերն է ստացվում, որ ոչ մեկ իրավունք անգամ չունի Հայոց ցեղասպանությունը, կամ էլ այլ ցեղասպանություններ Հոլոքոստի հետ հոլովվի, քանզի Հոլոքոստը իր տեսակի մեջ եզակին է ու միակը:

 Բոլորն էլ լավ են հիշում Ադոլֆ Հիտլերի` «Ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» հայտնի խոսքերը, վստահ եմ որ լավ են հիշում նաեւ հրեա ներկայիս իշխանավորները: Հայոց ցեղասպանությունից հետո, եթե ոմանք դատապարտեին եւ արժանի պատիժ հասցնեին Թուրքիային նման ոճիրի համար, հետագայում Հիտլերը թուրքերի անպատժելիությունից ոգեւորված չէր կոտորի 6 միլիոն հրեայի: Հայոց ցեղասպանությունից անցել է 100 տարի, այդ ընթացքում ցեղասպանության ենթարկվեցին նաեւ հրեաները եւ թվում է թե հրեա իշխանավորները գոնե այդքանից հետո արժանիորեն կդատապարտեն մեկ դար առաջ Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը, բայց ոչ, նրանք դա չարեցին 100 տարի առաջ, եւ չեն անում այսօր: Եվ հենց այս  մոտեցումն էլ, ցեղասպանության կանխարգելման եւ դատապարտման ուղղությամբ Իսրայելի ղեկավարության որդեգրած երկու կարեւորագույն սխալներից մեկն է:

Իսկ մյուս կոպտագույն սխալը այդ հարցում այն է, որ Իսրայելի ղեկավար շրջանակները թույլ են տալիս ադրբեջանական կեղծ քարոզչությանը իրենց ներքաշի էժանագին քարոզչական շահարկումների մեջ: Մի բան, որը հատկապես Իսրայելի պարագայում ամենաանընդունելին է:

Եվ այսպես, 2015 թվականի փետրվարի 25-ին Իսրայելի Ակկո քաղաքում արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը մասնակցեց «Ադրբեջան-Իսրայել միջազգային ասոցիացիայի» (AZIS) կողմից կազմակերպված Խոջալուի, այսպես ասած, «ցեղասպանության» 23-ամյակի հետ կապված միջոցառումներին: Լավ, եթե նմանատիպ ցածրարժեք PR-ի զոհ դառնար Նաուռուի կամ Տոնգայի արտգործնախարարը որոշ չափով հասկանալի կլիներ, բայց որ նման միջոցառման է մասնակցում Իսրայել պետության արտգործնախարարը, դա արդեն աբսուրդի ժանրից է: Ինչպես կարող է մի երկրի արտգործնախարար, ում ազգը ենթարկվել է պատմության ամենադաժան ցեղասպանությանը, մասնակցի քոչվոր կովկասյան թաթարների կազմակերպած նման հորինովի դեպքերին նվիրված միջոցառումներին: Ախր ինչպես չի հասկանում այդ Լիբերմանը, որ նման կեղծ ակցիաներին մասնակցելով` նա անարգում է նաեւ Հոլոքոստի զոհ դարձած հրեաների հիշատակը, քանզի եւ՛ Հոլոքստն է անվանում ցեղասպանություն, եւ՛ Խոջալուի հորինված դեպքերն է անվանում ցեղասպանություն:

Այն ամենը, ինչ անում է հրեա այդ պաշտոնյան, առնվազն տարօրինակ է թվում այնքան ժամանակ մինչեւ չես բացում նրա կենսագրությունը: Այն մանրամասն ուսումնասիրելով` գալիս ես այն եզրահանգման, որ բազմաթիվ անգամներ կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների մեջ մեղադրվող եւ իր օրվա մեծ մասը դատարաններում անցկացնող Լիբերմանին ուղղակի գերում են նավթադոլարային առաջարկները եւ նա դրանց գայթակղությանը պարզապես չի կարողանում դիմակայել:

Գումարը` գումար, պետական շահը` պետական շահ, սակայն ցեղասպանությունը այն դաշտն է, որտեղ փողն ու շահը մուտք ունենալ չեն կարող, նամանավանդ Իսրայել պետության պարագայում, ով շատ լավ է գիտակցում, թե ինչ է ցեղասպանությունը:

100 տարի առաջ աշխարհը ըստ արժանվույն չդատապարտեց հայերի ցեղասպանությունը եւ ապա եղավ հրեաների ցեղասպանությունը, այսօր, պատմությունից դասեր չքաղելով, Իսրայելը չի դատապարտում հայոց ցեղասպանությունը: Դե իսկ բոլորն էլ լավ գիտեն, թե ինչքան անողոք է պատմությունը, նրանց նկատմամբ, ովքեր պատմությունից դասեր չեն քաղում:

Արմեն Գեւորգյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ