News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եւ այսպես՝ ձվային պատերազմը Հայաստանում մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Ինչ-որ տարօրինակ պատահականությամբ հավաբուծության ոլորտում իսկական մրցակցություն էր ծավալվել, ինչը հավանաբար հետեւանք է հավերի մոտ ինտելեկտի իսպառ բացակայության։ Եթե մեր հավերն ու աքլորները դույզն ինչ խելք ունենային, ապա կհասկանային, որ Հայաստանում առանց մենաշնորհի ոչ մի գործ գլուխ չի գալիս։ Բնականաբար՝ կմշակեին իրենց գենդերային քաղաքականությունը եւ կսահմանափակեին ծնունդները... ներողություն՝ ձու ածելը։ Շուկայում դրա հետեւանքով ձուն կթանկանար, իրենք էլ հեշտ ու հանգիստ կվայելեին ձվային գերշահույթները։

Բայց քանի որ հավերի ունեցած խելքը հազիվ մի հավի խելք է, շարունակել են թափով ձու ածել, իսկ շուկայում ստեղծվել է գերարտադրություն։ Հիմա մեր հանրապետությունում մոտ 30 տոկոսով ավելի ձու է արտադրվում, քան կարող է սպառվել։ Ամենաճարպիկն այստեղ գտնվել է Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան՝ սկսելով ձվային դեմպինգ եւ նպատակ ունենալով կուլ տալ մյուս թռչնաֆաբրիկաներին։ Եթե անկեղծ լինենք՝ առանց այդ դեմպինգի էլ թռչնաֆաբրիկաներից մեկը կամ երկուսը պետք է սնանկանային ու փակվեին՝ այլ կերպ հնարավոր չէ գերարտադրությունը վերացնել։

Բայց դեմպինգն իր արդյունքը տվեց, ու Երեւանի թռչնաֆաբրիկայի սեփականատերը, որ նաեւ «X գրուպի» եւ «Ջրաշխարհի» տերն է, բանակցություններ է սկսել Լուսակերտի, «Շիրակ» եւ «Գնդեվազ» թռչնաֆաբրիկաները գնելու համար։ Եթե այս գործարքները կայանան, ապա շուկայում կհայտնվի նոր գերիշխող, որն էլ հնարավորություն կունենա գները բարձրացնել։ Այսինքն՝ մեր հավերն ու աքլորները կառավարման հանրապետական ձեւից կանցնեն միապետականին, կունենան իրենց օրինական ու լեգիտիմ թագավորին, որն էլ կորոշի, թե հանրապետությունում հավի ձուն ինչ պետք է արժենա։

Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Հավերից, աքլորներից ու նրանց տերերից բացի կա նաեւ օրենք, կա նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Վերջինս, ի դեպ, վարույթ է հարուցել «հավի ձու՝ կճեպով» շուկայում անբարեխիղճ մրցակցության փաստի առթիվ։ Գուցե որոշ հավերի թվացել է, թե հանձնաժողովը էշի ականջում քնած է ու շարունակել են թափով ձու ածե՞լ։ Այդ հարցի պատասխանն առայժմ հայտնի չէ, քանի որ Հանձնաժողովում դեռ շարունակում են վերլուծել հավազգիների շրջանում գենդերային ակտիվության պատճառներն ու հետեւանքները։ Բայց այ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հետ ոչինչ անել չես կարող։ Իսկ այդ օրենքի հոդված 10-ը ազդարարում է, որ արգելվում է գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումը. այսինքն՝ նույն ապրանքային շուկայում գործող ընկերությունների միացումը, եթե մասնակիցների ակտիվների համատեղ արժեքը միացմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն 1 մլրդ դրամ։ Հնարավոր է՝ հավատերերը ելել են այն հաշվարկից, որ մերօրյա հավերն այն աստիճան արժեզրկված են, որ նույնիսկ խոշոր թռչնաբուծարանի արժեքը ոչ մի կերպ կես մլրդ դրամ չի կազմի։ Այդ դեպքում Հանձնաժողովն ի զորու չի լինի կասեցնել շուկայում գերիշխող դիրքի ի հայտ գալը, բայց նաեւ հարց է ծագում, թե ո՞ւմ են պետք նման հանձնաժողովները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ