News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով պարգեւատրվել է Վարդենիսի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության բժշկուհի Սուսաննա Մակարյանը՝ հանցագործության դեպքի վայրում մասնագիտական պարտականությունները պատշաճ եւ բարեխղճորեն կատարելու, քաղաքացիական պարտքի բարձր զգացում դրսեւորելու համար։

2014 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երեք անձի կողմից Հրավարդ Սարգսյանին ծեծի ենթարկելու եւ վերջինիս անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել է, որ տուժած քաղաքացուն առաջին բուժօգնությունն է ցույց տվել պատահականորեն դեպքի վայրում հայտնված բժշկուհի Սուսաննա Մակարյանը։

Քրեական գործով պարզվել է, որ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի թերապեւտ եւ շտապօգնության բժշկուհի Սուսաննա Մակարյանը երթուղային տաքսիով դեպքի վայրի մոտով անցնելիս նկատել է հավաքված մարդկանց եւ ավտոմեքենաներ ու պահանջել, որ վարորդը կանգնեցնի երթուղային տաքսին, ապա՝ շտապել բուժօգնություն ցուցաբերել գետնին անգիտակից պառկած քաղաքացուն, միաժամանակ միջոցներ ձեռնարկել՝ շտապօգնություն կանչելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է բժշկուհի Սուսաննա Մակարյանին, շնորհակալություն հայտնել քաղաքացիական բարձր գիտակցություն դրսեւորելու համար, ինչը մեր օրերում դարձել է հազվադեպ երեւույթ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ