News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկահայերը մեկուկես տարի ժամանակ ունեն մինչեւ առաջիկա կոնգրեսական ընտրություններն արդյունավետ ծրագիր մշակելու համար, որպեսզի դաս տան ցեղասպանությունը ժխտող կոնգրեսականներին: Այս մասին իր հոդվածում նշել է «Քալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա իր հոդվածում, մասնավորապես, գրում է.

«Անցյալ շաբաթ ես տեղեկացրեցի ամերիկահայ համայնքի հաջողության՝ Լոս Անջելեսի կողմից 845 հազար դոլարի պայմանագիրը «Գեբարդ գրուպի» հետ չեղյալ համարելու մասին՝ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի դեմ ի նպաստ Թուրքիայի ծավալած լոբբինգ անելու համար:

Ես հույս հայտնեցի, որ հայերը կշարունակեն իրենց ջանքերը, որպեսզի «Գեբարդ գրուպի» մնացած 200 հաճախորդները եւս դադարեցնեն իրենց պայմանագրերը, այնպես որ Դիկ Գեբարդը թանկ վճարի իր ժխտողական լոբբինգի համար:

Խանդավառված իրենց  խոշոր հաղթանակով Լոս Անջելեսում՝ ամերիկահայերն այժմ պետք է ընդլայնեն իրենք քաղաքական ակտիվությունը՝ դաս տալու Փենսիլվանիայից հանրապետական կոնգրեսական Բիլ Շուստերին, որը խայտառակ նամակ է գրել Կոնգրեսի անդամներին՝ խնդրելով նրանց չաջակցել սպասվող Հայոց ցեղասպանության բանաձեւին:

Շուստերն անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին հղած իր «Հարգելի գործընկերներ» նամակում անամոթաբար կոչ է արել. «զերծ մնալ մի բանաձեւի սատարումից՝ կողմ չբռնելով պատմական բանավեճում իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել հարյուր տարի առաջ աշխարհի մյուս ծայրում»: Հետաքրքիր է, թե ինչ է մտածում կոնգրեսականը Հոլոքոստի մասին, որը նույնպես տեղի է ունեցել «աշխարհի մյուս ծայրում» ավելի քան 70 տարի առաջ…

Իր լկտի նամակում կոնգրեսական Շուստերը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը՝ հայտարարելով, որ առկա են «երկու հակասական պատմություններ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի հետ»: Իր այլասերված տրամաբանությամբ կոնգրեսականը պնդում է, որ «1915 թ. իրադարձությունները…. ցեղասպանություն չեն հանդիսանում», որովհետեւ «ավելի քան երկու միլիոն օսմանյան քրդեր, արաբներ եւ մահմեդականներ…. նույնպես տուժել են այս հակամարտությունում»: Նրա հղումը «ավելի քան երկու միլիոն օսմանյան քրդերի» կորստին Առաջին համաշխարհային պատերազմում՝ Թուրքիայի կառավարության համար գործող լոբբիստական ընկերություններից մեկի կողմից շարադրված վերջին կեղծիքն է:

Փենսիլվանիայի կոնգրեսականը նաեւ կեղծորեն պնդում է, որ Հայոց ցեղասպանության բանաձեւը «կթշնամացնի տարածաշրջանում մեր վերջին դաշնակիցներից մեկին [Թուրքիա], որը ձեռք ձեռքի տված աշխատում է ամերիկյան զինվորների եւ մեր մյուս դաշնակիցների հետ ԻԼԻՊ-ի («Իսլամական պետության») դեմ պայքարում»: Կոնգրեսական Շուստերը պետք է որ քարանձավում թաքնված լիներ վերջին մի քանի տարիներին՝ տեղյակ չլինելու, որ «ՆԱՏՕ-ի այս կարեւոր դաշնակիցն» է կազմակերպել ԻԼԻՊ-ի հազարավոր ահաբեկիչների ներթափանցումը Սիրիա, նրանց մատակարարել զենք, զինամթերք ու ցուցաբերել ռազմական աջակցություն: Կոնգրեսականը ծիծաղելիորեն պնդում է, որ «այս [հայկական] բանաձեւի ընդունումը աղետալի կլինի եւ կվնասի Միացյալ Նահանգների շահերին»: Եթե Թուրքիան իրոք այդպիսի լավ դաշնակից է Ամերիկայի համար, ապա ինչո՞ւ պետք է ուզենա վնասել Ամերիկայի շահերին: Արդյոք Հոլոքոստի առնչությամբ որեւէ  դատապարտող բանաձեւի ընդունումը կհանգեցնի՞ ՆԱՏՕ-ի մեր մյուս դաշնակցի՝ Գերմանիայի կողմից ԱՄՆ շահերի վնասմանը Եվրոպայում:

Կոնգրեսական Շուստերն իր նամակն ավարտում է՝ անվանելով 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանդն ընդամենը «միջադեպ»՝ կոչ անելով իր գործընկերներին. «կողմ չլինել պատմության վերամեկնաբանման ճակատամարտում» եւ «մեկ անգամ եւս մտածել մինչեւ օրենսդրության տակ ստորագրելը, որը կարող է զգալի վնաս հասցնել մեր հարաբերություններին տարածաշրջանում»: Զարմանալի չէ, որ «Հանուն առաջընթացի» անունով հորջորջվող թուրքական ինստիտուտն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ՝ ողջունելով Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնգրեսականի նամակը:

Փետրվարի 27-ին թուրքական «Սաբահ» թերթը հայտնեց, որ Ներկայացուցիչների պալատի երկու անդամներ Նյու Յորքից՝ դեմոկրատ Իվետ Քլարկը եւ հանրապետական Լի Զելդինը, նույնպես հայտարարել են, որ դեմ են Հայոց ցեղասպանության բանաձեւին: Ուշագրավ է, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը զրո նիշ է շնորհել կոնգրեսական Շուստերին եւ բացասական նիշ՝ կոնգրեսական Քլարկին: Կոնգրեսական Զելդինը Հայ Դատի հանձնախմբի կողմից չի գնահատվել, քանի որ սա նրա պաշտոնավարման առաջին շրջանն է:

Ամերիկահայերը մեկուկես տարի ժամանակ ունեն մինչեւ առաջիկա կոնգրեսական ընտրություններն արդյունավետ ծրագիր մշակելու համար, որպեսզի դաս տան ցեղասպանությունը ժխտող այս երեք կոնգրեսականներին: Եթե նրանցից գոնե մեկը պարտվի, ապա մյուս անդամները երկար կմտածեն մինչեւ ցեղասպանության ժխտման անբարո խաղեր խաղալը:

Զարմանալի չէ, որ երեքն էլ՝ Շուստերը, Քլարկը եւ Զելդինը, Կոնգրեսում Թուրքիայի աջակցության խմբի 130 անդամների թվում են: Բացի այդ, Շուստերը նաեւ Կոնգրեսում Ադրբեջանի աջակցության խմբի համանախագահն է: Այս երեք անսկզբունքային քաղաքական գործիչներից մեկին Կոնգրեսից վռնդելուց հետո, հայ համայնքը պետք է ռազմավարություն մշակի Թուրքիայի աջակցության խմբի մյուս բոլոր 130 անդամներին հետապնդելու ուղղությամբ, որը 157 անդամ ուներ 2012 թվականին: Նման ճնշման կիրառումը կստիպի նրանց լքել Թուրքիայի աջակցության խումբը, իսկ ուրիշներին՝ հրաժարվել միանալու մտադրությունից, հենց որ հասկանան, որ իրենք եւս դատապարտված կլինեն պարտության:

Զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերել Կոնգրեսում Ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ…

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ