News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

1990-ական թվականներին դուդուկն Արեւմուտքում մեծ տարածում ստացավ ֆիլմերի երաժշտություններում, ռադիոյում եւ տարբեր հավաքածուներում: Այս մասին փաստագրական ռադիոհաղորդումների հեղինակ, գրող Կառա Ռոուզհոուփը գրել է ավստրալական «ABC» ազգային հեռարձակող կորպորացիայի կայքում: Նա նաեւ հավելել է, որ Հայաստանի ժողովրդական երաժշտությունը, հնարավոր է, չէր ապրի Հայոց ցեղասպանության ժամանակ, եթե չլիներ Կոմիտասը՝ հոգեւորական, երաժիշտ, կոմպոզիտոր:

«Հայաստանն այսօր փոքրիկ ազգ-պետություն է Կովկասում, սակայն պատմականորեն այն տարածվել է ամբողջ Արեւելյան Անատոլիայում, Արարատ լեռան լանջերին, որտեղ, ինչպես ասվում է, իջել է Նոյան տապանը: Այդ հողը հարուստ է եղել քաղաքների եւ գյուղերի բանաստեղծությամբ եւ երգերով: Դրանք եղել են շինական, ծիսակարգային երգեր, երգեր բնության, սիրո մասին, ինչպես նաեւ հնագույն էպոսներ եւ եկեղեցական արարողություններ եւ աղոթքներ»,- գրել է նա:

Կառա Ռոուզհոուփը նշում է, որ ուսանողության տարիներին Կոմիտասը սկսում է մեծ հետաքրքրություն ցուցաբերել ժողովրդական երաժշտության հանդեպ, եւ Հայաստանի գյուղերում շրջագայելիս նոտագրում է այն, ինչ լսում է: Ընդ որում, նա օգտագործում է 19-րդ դարի հայկական նոտագրությունը:

Հոդվածի հեղինակը մեջբերում է Նյու Յորքից ամերիկահայ ջութակահար, ժողովրդական երաժիշտ եւ պրոդյուսեր Հարոլդ Հակոբյանի խոսքերը. «Կոմիտասի կարեւորագույն ներդրումը ժողովրդական երաժշտության նրա հավաքածուն է: Ասում են՝ նա ավելի քան 5 հազար երգ է հավաքել: Հայոց ցեղասպանությունը վերապրածները 5 կամ 10 տարեկան են եղել: Միայն սահմանափակ թվով մարդիկ՝ տարեցներ են հիշում այդ երգերը, եւ ով գիտե, արդյո՞ք նրանք ճիշտ են հիշում դրանք: Չէ՞ որ այդ ժամանակ նրանք 5 տարեկան են եղել»,- հայտարարել է Հարոլդ Հակոբյանը: Իսկ միջազգային բեմերում հանդես եկող կանադահայ օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը նշել է. «Կոմիտասը հայկական Բախն ու Շուբերտն է»:

Հոդվածի հեղինակը նշում է, որ երբ Օսմանյան Թուրքիան միացավ Առաջին համաշխարհային պատերազմին, օսմանյան հայերի համար ամեն ինչ փոխվեց: «Ցեղասպանության հետեւանքով հայ բնակչության թիվն Անատոլիայի կենտրոնական շրջաններում հասավ զրոյի: Կոմիտասն առաջին զոհերից էր: Հարյուր տարի անց Հայաստանի երբեմնի տարածքից մնացել է միայն մեկ վեցերորդ մասը, իսկ հայերի մեծ մասն ապրում է աշխարհի այլ երկրներում: Նրանց մեծ մասի համար հայրենիքից մնացել են միայն երգերը: Ցեղասպանությունից հետո Կոմիտասի նշանակությունը Հայաստանի համար միայն աճեց: Նրա գործունեությունը նաեւ միջոց դարձավ՝ Ցեղասպանության ողբերգությունից հետո առաջ շարժվելու համար»,- գրել է Կառա Ռոուզհոուփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ