News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, վստահ է, որ մի օր անպայման ունենալու ենք սպարապետի երազած Հայաստանը։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ավանդույթի համաձայն իրեն այցելության եկած ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին, գեներալ Սեյրան Սարոյանին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ԵԿՄ անդամներին ասաց տիկին Գրետան։

 «Բոլորդ էլ գիտեք, թե Վազգեն Սարգսյանն ինչպիսի Հայաստան էր ուզում։ Ոչինչ, կգա այդ Հայաստանը։ Անպայման կգա։ Մեր տղաների թափված արյունը սերունդները անպայման հետ կբերեն։ Վազգենը ասում էր, եթե հարցնում եք՝ ինչպիսին է ազատությունը, անկախությունը, նշանակում է՝ հարցնում ես՝ ծնողներիդ սիրո՞ւմ ես։ Ազատությունը, անկախությունը մարդու համար ամեն ինչ է, ինչպես եւ հայրենասիրությունը»,- ասաց տիկին Գրետան՝ նշելով, որ պետք է միասնական լինել եւ տեր կանգնել անկախությանը։

Տիկին Գրետան բոլորին շնորհավորեց Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ, մաղթեց խաղաղություն։

Մանվել Գրիգորյանը խոնարհվեց տիկին Գրետայի առջեւ եւ նրան հանձնեց 001 համարով երկրապահի վկայական։ Երկրապահները, ավանդույթի համաձայն, բաժակ բարձրացրին, խմեցին Վազգեն Սարգսյանի կենացը, ապա ուղեւորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Հիշեցնենք, որ 1999 թ. հեկտեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ:

Տպել
Ամենաշատ