News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վճռաբեկ բողոք միայն փաստաբանի միջոցով բերելու պահանջը հակասում է Սահմանադրությանը: Նման որոշում է կայացրել ՀՀ Սահմանադրական դատարանը:

Սույն թվականի մարտի 3-ին Սահմանադրական դատարանը քննության էր առել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված Վճռաբեկ դատարան բացառապես փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու պահանջի ՀՀ Սահմանադրության համապատասխանության  վերաբերյալ գործը:

Սահմանադրական դատարանը խնդրո առարկա կարգավորման վերլուծության արդյունքում արձանագրել է, որ մինչեւ վարչական դատավարության գործող օրենսգրքի ընդունումը նախկին օրենսգրքով Վճռաբեկ դատարան վճռաբեկ բողոքը միայն փաստաբանի միջոցով բերելու պարտադիր պահանջ առկա չէր, այսինքն նախատեսված էր վճռաբեկ բողոքն անմիջականորեն ներկայացնելու կարգ:

Մինչդեռ վիճարկվող դրույթը ոչ միայն սահմանում է վճռաբեկ բողոք բերելու միջնորդավորված կարգ, այլեւ բացառում է վճռաբեկ բողոքն անմիջականորեն բերելու հնարավորությունը: Դատարանն նշվածի կապակցությամբ սահմանել է, որ վիճարկվող դրույթով` միայն փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու պահանջի ամրագրումը, անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ եւ լիարժեք իրականացմանը նպաստելու նպատակ հետապնդելով հանդերձ, փաստացի հանգեցրել է հենց այդ իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակմանը, անձի՝ դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման հնարավորության եւ դատարանի մատչելիության իրավունքի ոչ համարժեք սահմանափակմամբ:

Արդյունքում սահմանադրական դատարանը` վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաեւ անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի եւ դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը։

Որոշումն ամբողջությամբ՝  ԱՅՍՏԵՂ:

 

Տպել
Ամենաշատ