News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր՝ մարտի 16-ին, հաստատել է Սոցիալական ներդրումների ու տեղական զարգացման  (ՍՆՏԶ) ծրագրով Հայաստանին հատկացված 30 միլիոն ԱՄՆ դոլար վարկը: Այս ծրագրով աջակցություն կցուցաբերվի Հայաստանի կառավարությանը՝ բարելավելու համայնքային ենթակառուցվածքների որակը, գործածումն ու հասանելիությունը բնակչության աղքատ ու խոցելի խմբերին:

Հայաստանի համայնքներում կիրականացվեն սոցիալական ենթակառուցվածքների (դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական ու սոցիալական ծառայությունների կենտրոններ, համայնքային կենտրոններ, ջրամատակարարման ու աղբահանության համակարգեր), ինչպես նաև տնտեսական ենթակառուցվածքների (ոռոգման համակարգեր, գյուղմթերքների վերամշակման ու պահեստային շինություններ, շուկաներ և այլն) վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ: Գերակա կարիքները վերհանելու համար կկատարվի տնտեսական զարգացման ներուժի գնահատում, իսկ առաջնահերթությունը կսահմանի համայնքը:

«Նոր ծրագրի ուղղակի շահառու կդառնան 150 համայնքներ, հիմնականում՝ գյուղական: Ծրագիրը հնարավորություն կտա վերհանել ներդրումային կարիքները, - ասաց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, - Ինձ համար հատկապես ուրախալի է, որ ծրագիրը կստեղծի աշխատատեղեր, որոնք անչափ անհրաժեշտ են և դրանով իսկ կնպաստի մասնակից համայնքներում եկամուտներ ձևավորելուն: Մեր հաշվարկներով կստեղծի շուրջ 300 հիմնական և 1.100 ժամանակավոր աշխատատեղ, ընդ որում անապահով համայնքներում աշխատավարձերի տեսքով ձևավորվող եկամուտը կկազմի ավելի քան 8 միլիոն ԱՄՆ դոլար»:

Սոցիալական ներդրումների ու տեղական զարգացման ծրագրի համար հիմք է հանդիսացել  Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված ամենահին ծրագրերից մեկը՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) ծրագիրը, որն ավելի քան 20 տարի երկրում աշխատանքներ էր իրականացնում տարածքային անհամաչափ զարգացման հարցերը շտկելու ուղղությամբ: ՀՍՆՀ ծրագիրն անապահովների կարիքներին արձագանքելու և հեռավոր ու դժվար հասանելի գյուղական համայնքներում տնտեսական աճը խթանելու կարևոր գործիք է եղել: Ինչպես նախկինում, այժմ ևս ծրագրի հաջողությունները պայմանավորված կլինեն այն հանգամանքով, թե ինչպես համայնքները կկարողանան պահպանել նոր ներդրումների արդյունքում արվածը:

Ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Առաջինը, համայնքային մակարդակում սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելն է, Սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրի մոդելի կիրառմամբ: Այս բաղադրիչի ներքո 120 համայնքներում կիրականացվեն միկրոծրագրեր: Սոցիալական ներդրումների ու համայնքային զարգացման ծրագրի ուշադրության կենտրոնում կլինեն համայնքային օղակի հասարակական, սոցիալական, տնտեսական և բնապահպանական ենթակառուցվածքների վերակառուցումն ու զարգացումը:

Նաև նախատեսվում է այս աշխատանքների իրականացման համար համայնքային մակարդակում ձևավորել ինստիտուցիոնալ ու ֆինանսական կարողություններ:  

Երկրորդ բաղադրիչը, սոցիալ-տնտեսական զարգացման միջհամայնքային նախաձեռնություններն են, որի շրջանակում կֆինանսավորվեն երկու և ավելի համայնքներ միավորող երկարաժամկետ զարգացման հեռանկար ունեցող սոցիալ-տնտեսական նախաձեռնություններ: Զարգացման այս նոր համագործակցային մոտեցումը համայնքներին կտրամադրի լրացուցիչ խթաններ, որպեսզի համատեղ աշխատեն և կբացի հնարավորություններ, որոնք համահունչ են տարածքային զարգացման բարեփոխումների հայեցակարգի հետ: Ընդհանուր առմամբ Սոցիալական ներդրումների ու համայնքային զարգացման ծրագիրը կֆինանսավորի մոտ 30 միջհամայնքային նախագծման, ընտրության ու իրականացման փուլերում գտնվող ենթածրագրեր:

Երրորդ բաղադրիչի ներքո ծրագիրը կաջակցի ՀՍՆՀ-ի կայացմանը որպես Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ), անցում կատարելով փոքր ու առանձին ծրագրերից դեպի առավել խոշոր ու ինքնաբավ զարգացման ծրագրերին, որոնք միտված են 2012-2025թթ. Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի սոցիալ-տնտեսական անհամաչափությունները վերացնելուն ու ներդաշնակ տարածքային զարգացումը խթանելուն: Անցումային այս աշխատանքների հիմնական ուղղվածությունը կլինի միջհամայնքային ծրագրերը գնահատելու, խթանելու ու ընտրելու նոր գործիքակազմի ու մոտեցումների մշակումը, կազմակերպության զարգացումը և անձնակազմի կարողությունների ձևավորումը:  

«Այս նախաձեռնությունները կունենան թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ազդեցություն ու կարող են աշխուժացնել մարզերում կամ համայնքների խմբերում հետագա տնտեսական աճն ու մարդկային կապիտալի զարգացումը, - ասաց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Էրկին Մամադալիևը, - Ակնկալում ենք, որ ծրագիրը նաև կամրապնդի միջհամայնքային երկխոսությունը երկրով մեկ, կնպաստի գերակայությունների սահմանման ու զարգացման ծրագրերի մշակման ու պլանավորման աշխատանքներին: Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինեն անապահով ու հետ մնացող տարածքները»:

Ծրագրի ամբողջական ֆինանսավորումը կազմում է 42,85 միլիոն ԱՄՆ դոլար, որից 11 միլիոն ԱՄՆ դոլար հատկացվում է ՀՀ կառավարության կողմից, 1,85 միլիոն ԱՄՆ դոլար շահառու համայնքների կողմից, իսկ 30 միլիոն ԱՄՆ դոլարը վարկ ՎԶՄԲ-ի կողմից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով: 1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է  2,066.730 մլն ԱՄՆ դոլար գումար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ