News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսպանական «EL PAIS» պարբերականի հայտնի վերլուծաբան Անտոնիո Էլորսան մարտի 25-ին հրապարակված իր «Հայաստան. XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը» հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը եւ 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ստորեւ ներկայացվում է հոդվածի հայերեն թարգմանությունը:

«Հարյուր տարի առաջ մարդկության դեմ կատարված զարհուրելի հանցագործության պաշտոնական ժխտումը հարցականի տակ դնող հանրահայտ թուրք մտավորականներ Փամուկի եւ Դինքի գաղափարները շարունակում են այժմեական մնալ: «Ո՞վ է այսօր շարունակում խոսել հայերի ոչնչացման մասին»:

Հիտլերի այս արտահայտությունը, հնչեցված 1939թ. օգոստոսի 22-ին, վերաբերում էր Լեհաստանի դեմ իրականացվելիք արշավին եւ վկայում էր նրա պատերազմական քաղաքականության ցեղասպան բնույթի մասին, որն ավարտեց Շոայով: Տարիներ առաջ հայերի կոտորածը մեծ ազդեցություն էր թողել մի երիտասարդ լեհ-հրեայի՝ Ռաֆայել Լեմկինի վրա, ով այնուհետ գործադրելու էր բոլոր հնարավոր ջանքերը` ուղղված այնպիսի միջազգային նորմատիվ շրջանակի մշակմանը, որը թույլ կտար կանխարգելել նմանատիպ հանցագործությունների կրկնությունը, հատկապես Հիտլերի՝ իշխանության գլուխ բարձրանալուց հետո: Դա Լեմկինին չհաջողվեց, եւ դրա արդյունքում Նյուրնբերգում նացիստական հանցագործությունները դատապարտվեցին «ex post facto» (փաստերին հաջորդող) սահմանված նորմերի նկատմամբ անվստահության դիրքերից: Եվ չնայած նրան, որ Լեմկինին հաջողվեց միջազգային հանրության կողմից «ցեղասպանություն» հանցագործության դատապարտմանը հասնել, նույնիսկ այդ անձնական ձեռքբերումը չհանգեցրեց արդյունավետ միջազգային օրենսդրության մշակմանը եւ կիրառմանը, որը կապահովեր պատիժը նման հանցագործոությունների դեպքում: Արդյունքում այդ նորմերը գործեցին միայն մեղավոր պետության թուլության դեպքում (Ռուանդա, Սերբիա):

1915թ. հայոց ողբերգությունը տառացիորեն համապատասխանում է Լեմկինի մշակած «ցեղասպանություն» եզրույթի բնորոշմանը: Իրականացվել են մի շարք հանցագործ գործողություններ, որոնք նպատակ են ունեցել բնաջնջել մի ծողովրդի՝ ռասիստական ենթադրյալ գաղափարախոսների մշակած ծրագրի հիման վրա եւ զուգորդվել են այնպիսի լրացուցիչ միջոցառումներով, ինչպիսիք են ֆիզիկական ոչնչացումը եւ սեփականության մասայական օտարացումը: Գործադրվող ընթացակարգը համադրեց արական սեռի բնակչության աստիճանական ոչնչացումը ծերերի, երեխաների ու կանանց մասայական տեղահանման հետ: Վերջիններս ստիպված էին հարյուրավոր կիլոմետրեր Անատոլիայի անապատացված տարածքներով անցնել ոտքով, այն էլ ամռանը՝ գրեթե առանց միջոցների: Ամեն քայլափոխի նրանք ենթարկվում էին ռազմական ոստիկանության, քրդական խմբերի եւ իրենց կցված «պահապանների» կողմից իրականացվող բռնություններին, որպեսզի նրանց ճանապարհն ավարտվեր համակենտրոնացման ճամբարներում (Հալեպ) կամ ոչնչացմամբ (Դեյր Ձոր): Ամենաընդունելի թվային գնահատականը վկայում է 1,2 միլիոն զոհվածերի մասին՝ նախկինում բնակվող 2 միլիոնից ավել բնակչությունից: Համաշխարհային պատերազմի ավարտին, երբ կայսրությունը պարտվեց, օսմանյան իշխանությունները զոհերի թիվը համարում էին մոտ 800.000:

Մուստաֆա Քեմալն ընդունեց այդ թիվը եւ դատապարտեց «հայերի ոչնչացումը»: Ցեղասպանության մասին որոշումը պատկանում էր երիտթուրքերի ազգայնական կառավարությանը, այն առաջնորդներին, որոնք 1908թ. սահմանադրական հեղափոխության ժամանակ թվում էր, թե ընդունում են էթնիկ-կրոնական փոքրմասնությունների (հույներ, հայեր, հրեաներ) նկատմամբ քաղաքացիների հավասարության սկզբունքի կիրառումը: Մինչ այդ փոքրամասնությունները բնակվում էին սուլթանի տոտալիտար իշխանության ներքո՝ կախյալ բազմազանության վիճակում: Կախյալ, քանի որ ինչպես գործում էր վերադասությունը զինվորական համակարգում (askari) քաղաքացիական բնակչության նկատմամբ (reaya, բառացիորեն` «ոչխարների հոտ»), այնպես էլ իրավական մակարդակում մահմեդական (թուրք) բնակչությունը գերկայում էր փոքրամասնությունների նկատմամբ, որոնց հեգնելով առ այսօր` անվանում են «yaurs»՝ անհավատներ: Օսմանյան «հանդուրժողականությունը» նաեւ այլ կողմ ուներ, ցանկացած իշխանության նկատմամբ ապստամբություն առաջ էր բերում անխուսափելի պատժիչ գործողություններ:

19-րդ դարի բալկանյան ազգային շարժումները վկայեցին այդ մասին եւ նպաստեցին հայերի նկատմամբ անվստահության աճին, որոնց հիմնական բնակության վայրը Կոստանդնուպոլսից բացի, գտնվում էր հեռավոր Արեւելյան Անատոլիայում: Այդ պատճառով, երբ Բեռլինի կոնգրեսը 61-րդ հոդվածով սուլթան Աբդուլհամիդ II-ին կոչ արեց բարեփոխումներ իրականացնել հայերի նկատմամբ եւ պաշտպանել նրանց քուրդ բնակչությունից, հակառակ արդյունք արձանագրվեց. 1894-1896թթ. սպասվող բարեփոխումների փոխարեն եղան տասնյակ հազարավոր զոհերի կոտորածներ, որոնք կրկնվեցին 1909թ.:

Բացի դրանից, երիտթուրքերի քաղաքական մոդերնիզացիայի քաղաքականությունը շուտով մերժեց բազմազանությունը, որպեսզի ռազմասիրական ազգայնամոլության դիրքերից թելադրի, որ թուրք հասարակությունը պետք է լինի ռասայապես եւ մշակութապես միասեռ: Սրանք թյուրքիզմի եւ իսլամիզմի շարժման գաղափարախոս, Էրդողանի կողմից հաճախ ցիտվող հեղինակ Զիյա Գյոկալփի համաձայն՝ թուրք ժողովրդի երկու հենասյուներն էին: Փոքրամասնությունները պետք է ընդունեին թուրք մարդու գերակայությունը, հակառակ դեպքում «իշխող ազգը» կազատվեր այնպիսի «տարրերից, որոնց անհավատարմությունը բացահայտ էր»՝ ադպիսով պաշտպանվելով «օտար ժողովուրդներից», որոնք բնակվում էին կայսրությունում: Ցեղասպան քաղաքականության հիմքը դրված էր: Yaur-ների նկատամամբ ատելությունը աստիճանաբար վերածվում էր ոչնչացման ցանկության, հատկապես 1912-1913թթ. Բալկանյան պետությունների նկատմամբ Օսմանյան կայսրության կրած պարտությունից հետո, երբ մահմեդականների արտահոսք տեղի ունեցավ դեպի Անատալոիա, եւ երիտթուրքերի ռազմական քաղաքականության հիմքերը դրվեցին: Այդ համատեքստում էր, որ երիտթուրքերի ղեկավարներ Էնվեր Փաշան եւ Թալյաթ Փաշան, որոնք իշխանության գլխին էին պարտությունից հետո, լինելով ռասիստական գաղափարախոսության կրողներ, Կայսրության մուտքը պատերազմ դիտարկեցին որպես իրենց գաղափարների իրականացման հնարավորություն:

«Երկար ու լուրջ մտորումներից հետո» (ըստ Թալյաթի) երիտթուրքերի ղեկավարները եւ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությունը վերջնական որոշում կայացրեց 1915թ. մարտին:

Դրան հետեւեց հարյուրավոր հայտնի հայերի ձերբակալությունը Կոստանդնուպոլսում՝ ապրիլի 24-ի գիշերը թվով 2000-ից 650 հայ տեղահանվեց կամ սպանվեց: Ցուցակի միակ կնոջը՝ Զաբել Եսայանին, հաջողվեց փախչել: Նա մահացավ 1940թ. Գուլակում: Համայնքը մնացել էր առանց ղեկավարի: Մայիսի 27-ին ներքին գործերի նախարար Թալեաթի հրամանով կառավարությունը որոշեց Արեւմտյան Անատոլիայի հայերի ընդհանուր տեղահանում իրականացնել: Սակայն գործընթացը սկսվել էր շատ վաղուց` 1914թ. հունվար-փետրվար ամիսներին, երբ Էնվեր Փաշան՝ պաշտպանության նախարարը, ստեղծեց Հատուկ կազմակերպությունը (ՀԿ)՝ որպես ռազմական հակաանջատողական միավորում: 1914թ. օգոստոսին «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությունն ակտիվացնում է ՀԿ-ն, որպեսզի զբաղվի այն մարդկանցով, որոնք պետք է «ոչնչացվեն հայրենիքից»: Հիմնական թիրախը հայերն էին, եւ այդ ուղղությամբ դեկտեմբեր ամսվանից Թալեաթը եւ ՀԿ-ի ղեկավար Բահեթին Շաքիրը սկսում են քայլեր ձեռնարկել: 1914թ. վերջին ամսից ի վեր, տեղի են ունենում այնպիսի դեպքեր, որոնք հուշում են մասայական ոչնչացման մասին, հատկապես տեղահանումներ, որոնց մասին կան միսիոներների եւ չեզոք հյուպատոսների հստակ վկայություններ, նույնիսկ դաշնակից գերմանացիների կողմից: Ինչպես Թալեաթ Փաշան բացատրեց ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, «արդեն հայերի երեք քառորդի հարցը լուծել ենք», «չենք ուզում տեսնել հայեր Անատոլիայում, կարող են ապրել անապատում, բայց ոչ այլ վայրում»:

1915թ. մայիսի 24-ին Անգլիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հայտնեցին Օսմանյանկառավարության «մարդկության եւ քաղաքակրթության դեմ» կատարված հանցագործությունները պատժելու իրենց մտադրության մասին: Հասավ Օսմանյան կայսրության պարտության ժամը: Որպես հետեւանք` 1918թ. զինադադարից հետո դաշնակիցները մտադիր էին ստեղծել այդպիսի հանցագործությունների համար միջազգային դատարան, սակայն կային անհամաձայնություններ դատարանի կազմի եւ իրավական հիմքի հետ կապված; Այդ ամենը վկայում էի Նյուրնբերգում կայանալիքի մասին: Փորձերը դադարեցին:

Օսմանյան արդարադատությունն իր հերթին որոշեց ճանաչել կոտորածների հանցագործ բնույթը, դրանց ահռելի քանակը եւ պատժել մեղավորներին: Նրանք արդեն փախուստի էին դիմել: Ե´վ Էնվերը, եւ´ Թալեաթը, եւ´ Ջեմալը, եւ´ Նազիմ Բեյը դատապարտվեցին մահապատժի՝ բացակա գտնվելով: Գնդակահարվեց տեղի պատասխանատուն՝ այսպես կոչված «Յոզգաթի դահիճը»: Դրան հաջորդեցին հազարավոր հույների եւ հայերի կոտորածները եւ տեղահանումները «yaur» Էրզրումի գրավման ընթացքում 1922թ. սեպտեմբերին, որի արդյունքում վերջ դրվեց հույների ապստամբությանը: Քեմալն այս անգամ պասիվ վկա էր:

Երկու ակնառու մտավորականներ՝ նովելիստ Օրհան Փամուկն ու թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը, մեկ տասնյակ տարիներ առաջ խորհում էին ժողովրդավարական Թուրքիայի կողմից հայկական ոչնչացումը մերժելու անբացատրելիության մասին: 1920թ. այդ մասին ընդունելն ինքնասպանություն կլիներ, քանի որ դա հավասարազոր էր Թուրքիայի տարալուծմանը, սակայն այդ պատճառը մեկ դար անց այլեւս ընդունելի չէ: Ինչու՞ իրենց վրա վերցնել նախնիների կատարած հանցանքները, ընդ որում ոչ բոլորի նախնիների, քանի որ կոտորածների եւ դրանց մեղավորների առաջին դատապարտումն իրականացվեց Օսմանյան պատերազմի խորհրդի կողմից, եւ նույնիսկ Մուստաֆա Քեմալը 1919թ. պահանջեց կոտորածների արյամբ իրենց ձեռքերը կեղտոտած մարդկանց հեռացումը: Սակայն Դինքը սպանվեց 2007թ., իսկ Փամուկը ենթարկվեց պարսավանքի եւ իր դեմ իրականացվող ծանրագույն մի արշավի՝ մեղադրվելով որպես «ազգի արժանապատվության թշնամի»: Նրանց մտքերը, սակայն, դիմակայեցին ժամանակի փորձությանը: Կարսի քաղաքապետը, ով այսօր թուրք է, իսկ նախկինում հայ էր, «մարդասիրության հուշարձան» է տեղադրել` երկու ժողովուրդների հաշտեցման համար: Էրդողանը, սակայն, թույլ չտվեց, որ հուշարձանն իր տեղում մնա, իսկ հիմա էլ Ցեղասպանությունը պայմանավորում է 1918թ. ինչ-որ արխիվներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ