News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թումանյան 25 հասցեի բնակիչները փոխհատուցում չեն ուզում. նրանք պատրաստվում են ամեն գնով պահպանել իրենց պատկանող գույքը: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին,  Թումանյան 25 հասցեում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով գույքը բացառիկ՝ գերակա շահ ճանաչելու մասին Հանրային Խորհրդի քննարկմանն ասաց այդ հասցեի բնակիչ Դավիթ Եղիազարյանը:

«2 ամիս առաջ ծանուցում ստացանք, որ հյուրանոց են կառուցելու մեր շենքի փոխարեն: Շենքում բնակվող 8 ընտանիքով ծանուցումը ստանալուց հետո պանիկայի մեջ ընկանք: Եթե մեր շենքի շրջակայքը մխտրել են՝ Հյուսիսային պողոտան կառուցելով, չի նշանակում, որ Թումանյան 25 հասցեի շենքն էլ պետք է քանդեն՝ մնացած շենքերին համահունչ հյուրանոց կառուցելու համար: Փոխհատուցման մասին չենք էլ ուզում մտածել, որովհետեւ  վստահ ենք, որ համարժեք փոխհատուցում չի էլ լինելու: Թող շենքը մեկ հարկով բարձրացնեն, եթե ուզում են համահունչ դարձնել մյուս շենքերին»,- ասաց բնակիչը:

Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արբագ Վարդանյանը նշեց, որ  Թումանյան 25 հասցեում հյուրանոց կառուցելը պայնանավորված է քաղաքաշինության խնդիրների  կարգավորմամբ:

«Տերյան փողոցից մինչեւ Մաշտոց ընկած հատվածը Հյուսիսային պողոտայի կառուցումից հետո ձեռք բերեց ուրույն տեսք եւ այդ տարածքում միայն այս շենքն է, որը երկհարկանի է եւ համահունչ չէ այդ տարածքին: Քաղաքապետարանը կարծում է, որ այդ շենքի փոխարեն միջին հարկային հյուրանոցի կառուցումը մայրաքաղաքում կխթանի տուրիզմի  զարգացումը»,-ասաց Վարդանյանը:

Քննարկմանը մասնակցող՝ Հանրային Խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը նշեց, որ երբ Հյուսիսային պողոտան կառուցվեց, պատմական ժառանգության բազմաթիվ օբյեկտներ ոչնչացվեցին:

«Հսկա մոնստեռներն անիմաստ շարվեցին այդտեղ եւ հիմա դա հիմք ընդունելով՝ պատմական շենքը վերացնում եք՝ անվանելով գերակա շա՞հ: Օլիգարխի շահը հանրային գերակա շահ չի կարող լինել»,-ասաց Դանիելյանը:

Ճարտարապետ Գրիգոր Ազիզյանի կարծիքով էլ՝  հյուրանոցի կառուցումը քաղաքաշինական խնդիր չէ, այլ իրավաբաննական.

«Թումանյան 25 շենքում սեփականություն ունի նաեւ «Ռենշին» ՍՊԸ-ն, որը ցանկանում է այդ շենքի փոխարեն հյուրանոց կառուցել, բայց չէ՞ որ այս շենքն ունի նաեւ այլ բնակիչներ, որոնք  համաձայն չեն այդ որոշման հետ: Հանրային գերակա շահը նշանակում է բոլոր կողմերի համար շահավետ որոշում, բայց այստեղ հակառակ պատկերն է: Եթե ուզում եք, որ այս շենքը համահունչ լինի այդ տարածքի մյուս շենքերի հետ, առաջարկում եմ շենքը մի քանի հարկ բարձրացնել»,-նշեց Ազիզյանը:

 «Ռենշին» ՍՊԸ-ի  տնօրեն Էդուարդ Մարությանն էլ նշեց, որ  մեկ շաբաթից «Ռենշինը» Թումանյան 25 հասցեի բնակիչներին ֆինանսական փոխհատուցման առաջարկով է դիմելու.

«Մենք վատ բան չենք փորձում անել, ընդամենը հյուրանոց ենք կառուցելու, մեր քաղաքին օգուտ տալու համար»,-ասաց Մարությանը:

Քննարկումը տեւեց մոտ 1 ժամ, կողմերն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան։

Տպել
Ամենաշատ