Վանուշ Խանամիրյանի Անվան Հայաստանի Պարարվեստի գործիչների միության հրավերով, Թեհրանի Հայ Ոսումնասիրաց Չարմահալ Միությանը կից «Ակունք» պարային համույթը կիրակի՝ օգոստոսի 22-ի երեկոյան ժամը 19–ին ելույթով հանդես կգա Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։
«Ակունք» պարային համույթը հիմնադրվել է 1986 թվականին։ 2004 եւ 2006 թվականներին մասնակցել է «Մեկ ազգ՝ մեկ մշակույթ» փառատոնին:
2006 թվականին Համույթը պաշտոնապես դարձել է Հայաստանի Պարարվեստի գործիչների միության անդամ։
2006 թվականին, պարային համույթի 20- ամյակին նվիրված հանդիսությանը, որպես պատվո հյուր, ներկա էր նաեւ մաեստրո Վանուշ Խանամիրյանը:
«Ակունք » պարային համույթը 2007 թվականին մասնակցել է հայկական պարարվեստի լեգենդ Վանուշ Խանամիրյանի ծննդյան 80–ամյակին նվիրված փառատոնին։
Համույթի հիմնադիրը, ղեկավարը եւ պարուսույցն է Կարինե Մանուչերյանը։
Հարկ է նշել, որ համույթի անդամներից Շողեր ու Նաիրի Ստեփանյան քույրերը զոհվեցին 2009 թվականի հուլիսի 15-ին՝ Թեհրան-Երեւան չվերթի ավիավթարի հետեւանքով։ «Ակունք» պարային համույթը, հուշ-երեկո կազմակերպելով, հավերժացրել է նրանց հիշատակը ։