News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թղթի, վառոդի, կողմնացույցի, գրատպության եւ այլ բազմապիսի գյուտերի համար ամբողջ մարդկությունը պարտական է այդ տաղանդավոր ազգին` չինացիներին, որոնց հետ հայ ժողովուրդը դարեր շարունակ մշտապես գտնվել է առեւտրական եւ գործընկերային հարաբերությունների մեջ: Հայ-չինական հարաբերությունները իրենց ծնունդը առնում են դեռեւս  Ք.ա. 4-րդ դարում: Պատմական աղբյուրներում վկայություններ են պահպանվել այն մասին, որ մեր թվարկությունից առաջ հայերը առեւտուր անելու նպատակով ուղեւորվում էին Չինաստան` այնտեղից բերելով չինական մետաքս ու ճենապակի, իսկ Հայաստանից տանում էին դեղաբույսեր, բնական ու հանքային ներկեր եւ իհարկե՝ որդան կարմիր, որով ներկում էին չինական մետաքսի լավագույն տեսակները: Հետագա դարերի ընթացքում այդ հարաբերությունները ավելի խորը բնույթ ստացան:

Հայերի դերը չինական առեւտրում հատկապես  նկատելի դարձավ 16-18-րդ դարերում, իսկ հայ գործարարներից շատերն էլ արդեն սեփական նավեր ու գործարաններ ունեին Չինաստանում:

20-րդ դարի վերջին` Հայաստանի անկախացումից հետո, հայ-չինական արդեն պաշտոնական  հարաբերությունները թեւակոխեցին զարգացման մեկ այլ մակարդակ, իսկ երկու երկրների միջեւ համագործակցությունն էլ տարեցտարի սկսեց աճել երկրաչափական պրոգրեսիայով: 1992 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը առաջիններից էր, որ իր դեսպանությունը բացեց Հայաստանում: Եվ այդ պարագայում ամենեւին էլ զարմանալի չէ, որ Հայաստանի Հանրապետությունն էլ Ասիայում (բացառությամբ Մերձավոր Արեւելքի) իր առաջին դեսպանությունը բացեց Պեկինում:

Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում պետք է նշել, որ վերջին տասնամյակների ընթացքում Պեկինի եւ Երեւանի միջեւ ստորագրվել են մի շարք միջկառավարական համաձայնագրեր ամենատարբեր ոլորտներում`տնտեսականից մինչեւ մշակութային: Իսկ հայ-չինական համագործակցության ամուր հիմքերը դրվեցին արդեն 1996 թվականին, երբ ստորագրվեց «ՀՀ եւ ՉԺՀ միջեւ բարեկամական հարաբերությունների հիմունքների մասին» համատեղ կոմյունիկեն, որին 2004 թվականին հաջորդեց ՀՀ եւ ՉԺՀ համատեղ հռչակագիրը:

25 մարտ, 2015 թվական` հիշարժան մի օր, որը նոր էջ բացելով եւ թարմության մեծ չափաբաժին ներարկելով, նոր լիցքեր հաղորդեց հայ-չինական բազմադարյա համագործակցության մերօրյա ընթացքին: Հենց այդ օրը, ՀՀ նախագահի` Չինաստան կատարած պետական այցի շրջանակներում էլ, ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման մասին» համատեղ հռչակագիրը:

Նախ նշենք, որ համատեղ հռչակագրի գործունեության ոլորտը ընդգրկում է երկկողմ հարաբերությունների ամենատարբեր ուղղություններ` քաղաքական, առեւտրատնտեսական, տեխնիկական, հումանիտար եւ այլն:

Եվ այսպես անդրադառնանք հռչակագրի այն կարեւորագույն շեշտադրումներին, որոնք հատկապես ամենաարդիականն են այսօր: Հռչակագրի շրջանակներում ՀՀ-ն եւս մեկ անգամ փաստեց իր դիրքորոշումը` Չինաստանի համար այդքան կենսական Թայվանի խնդրի հետ կապված: Հայկական կողմը հաստատեց իր աջակցությունը մեկ Չինաստանի գաղափարին, հանդես գալով «Թայվանի անկախության» դեմ, եւ վերահաստատեց, որ Թայվանի հետ որեւէ պաշտոնական կապ չի հաստատի, ու կաջակցի Թայվանյան նեղուցի երկու ափերի միջեւ հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաեւ երկրի միավորմանն ուղղված՝ Չինաստանի կառավարության բոլոր ջանքերին՝ համարելով, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը։ Հարկ է նշել, որ այս հարցի շուրջ ՀՀ նման դիրքորոշումը միշտ էլ պաշտոնական Պեկինի կողմից ընկալվում է գոհունակությամբ եւ երախտագիտությամբ:

Չինաստանն էլ իր հերթին Ղարաբաղյան հարցի հետ կապված մշտապես ցուցաբերում է հավասարակշռված դիրքորոշում եւ ինչպես նաեւ նշվեց հռչակագրում չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների համաձայն։ Եվ հենց այս վերջին մտքին էլ պետք է հատուկ ուշադրություն հատկացնել, քանզի շատերին քաջ հայտնի է այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակներում խոսվում է հենց ժողովուրդների իրավահավասրության եւ ինքնորոշման սկզբունքի մասին:

Սկզբունք, որն էլ դրված Ղարաբաղյան հարցի կարգավորման առանցքում եւ հենց որն էլ առաջնային է Հայաստանի Հանրապետության համար: Ե՞վ, ի՞նչ նշանակում այս ամենը: Սա նշանակում է, որ հռչակագրում չինական կողմը նշում է մի կետ, որը ձեռնտու է հայկական կողմին Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված: Եվ իրոք, մեծ հաջողություն, որն հերթական անգամ արձանագրեց հայկական դիվանգիտությունը:

Հռչակագրի շրջանակներում կողմերը հայտարարեցին, որ չեն մասնակցի որեւէ միությունների կամ դաշինքների, որոնք ուղղված են կողմերից որեւէ մեկի ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության դեմ: Սա եւս շատ կարեւոր կետ է, որը ցույց է տալիս երկուստեք փոխվստահության եւ բարեկամության ամուր եւ անքակտելի այն մթնոլորտը, որը գոյություն ունի ՀՀ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ:

Քաղաքական համագործակցության մասով մեկ կարեւոր եւ շատ արժանահիշատակ կետ եւս կա, որում մասնավորապես ասվում է, որ կողմերը միակարծիք են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը պետք է իրականացվի առավելագույն կոնսենսուսի հիման վրա եւ որ անհրաժեշտ է քննարկել զարգացող, ինչպես նաեւ միջին եւ փոքր պետությունների ներկայացուցչության եւ ձայնի իրավունքի ավելացման հնարավորությունը, նրանց՝ հերթականությամբ Անվտանգության խորհուրդ մտնելու, որոշումների ընդունմանը մասնակցելու եւ ավելի կարեւոր դեր խաղալու ավելի շատ հնարավորությունների տրամադրումը: Այս ամենով եւս չինական կողմը ցույց է տալիս, որ իրենից կախված ամեն ինչ կանի նպաստելու համար, որ Հայաստանն եւս ստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակ:

Խոսելով երկկողմ տնտեսական հարաբերություններից` պետք  նշել, որ հայ-չինական առեւտրատնտեսական կապերը զարգանում են դինամիկ կերպով, իսկ Չինաստանն էլ հանդիսանում է Հայաստանի առեւտրական կարեւորագույն գործընկերներից մեկը: Այս հարցերի շուրջ եւս հռչակագրում բավականին խոստումնալից կետեր կան, որտեղ նշվում է, որ առեւտրատնտեսական կապերը հայ-չինական հարաբերությունների բարեկամական համագործակցության կարեւոր բաղկացուցիչն են կազմում եւ ըստ այդմ կողմերը պարտավորվում են հարստացնել համագործակցության ձեւերը եւ ընդլայնել ուղիները, աստիճանաբար բարելավել առեւտրաներդրումային մթնոլորտը, փոխադարձ շահերի եւ իրավահավասարության հիման վրա միմյանց տրամադրել բարենպաստ պայմաններ` ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների եւ կապիտալի ներմուծման համար։

Ապագայում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման եւ համագործակցության նոր լայն հեռանկարներ բացելու առումով նոր խթան կարող է հանդիսանալ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծումը:

Անդրադառնալով հռչակագրի հումանիտար հատվածին պետք է առանձնացնել այն կետը, որ կողմերն ընդգծեցին կրթության, մշակույթի, գիտության եւ տեխնիկայի, շրջակա միջավայրի պահպանման, ԶԼՄ-ների, սպորտի, զբոսաշրջության եւ այլ բնագավառներում երկու երկրների համագործակցությունը հետագայում եւս ընդլայնելու եւ կատարելագործելու անհրաժեշտությունը։ Այս ոլորտում հատկապես մեծ դերակատարում ունի Հայաստանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտը, ինչպես նաեւ մեծ հույսեր են կապվում մոտ ժամանակներս բացվող չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հետ: Նաեւ չպետք է մոռանալ, որ կրթության ոլորտի համագործակցության շրջանակներում տասնյակ հայ երիտասարդներ իրենց ուսումը ստանում են Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Եվ այսպես ընթերցելով հայ-չինական հռչակագիրը` մի պահ քեզ հպարտ ես զգում, որ Հայաստանի նման փոքր երկիրը նման ծանրակշիռ փաստաթուղթ է ստորագրում այնպիսի երկրի հետ ում հետ այսօր համաշխարահային քաղաքականության մեջ հաշվի են նստում բացառապես բոլորը եւ ում դիրքորոշումն էլ շատ ժամանակ բեկումնային է լինում զանազան հարցերի լուծման հետ կապված: Մի երկրի, որը շատ փորձագետների գնահատականներով իր տնտեսական պոտենցիալով մոտակա 20 տարում գերազանցելու է ԱՄՆ-ին, որին այժմ զիջում է եւ համարվում աշխարհի 2-րդ տնտեսությունը: Եվ վերջապես մի երկրի, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 5 մշտական անդամներից մեկը` վետոյի իրավունքով: Այս վերջին առումով չպետք է մոռանալ, որ Պեկինը կարող է` Մոսկվային զուգահեռ, Երեւանի համար նոր դաշնակից դառնալ ՄԱԿ-ում` հակահայկական բանաձեւերին իր վետոյի իրավունքի կիրառման եւ այդպիսի բանաձեւերը արգելափակելու տեսանկյունից:

Հայ-չինական արագ զարգացող հարաբերություններում մեկ շատ կարեւոր ասպեկտ եւս անհրաժեշտ է առանձնացնել, քանզի այդ ուղղությամբ հայերի եւ չինացիների շահերը եւս շատ խորը կերպով համընկնում են: Խոսքը hայ-չինական ռազմավարական շահերից եւ ազգային-անվտանգության տրամաբանությունից բխող պանթուրքական ծրագրերը կանխարգելելն է: Չպետք է մոռանալ, որ Չինաստանը իր տարածքում ունենալով Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզ, բնակեցված թուրքական ույգուր ցեղախմբով, շատ հաճախ է բախվում այդ տարածաշրջանում անջատողական եւ հակաչինական շարժումների հետ:

Այդ շարժումները, պանթուրքիստական պետության ստեղծման դրոշի ներքո, անուղղակի, իսկ շատ դեպքերում նաեւ ուղղակի խրախուսվում են Թուրքիայի կողմից:

Հայաստանը Հարավային Կովկասում բախվելով թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական քաղաքականությանը եւ պանթուրքիստական նոր նկրտումներին, կարող է տարածաշրջանում դառնալ Պեկինի ռազմավարական դաշնակիցը, որը կզսպի պանթուրքիստական ալիքը, որը Հայաստանի թուլացման պարագայում Կասպյան-կենտրոնական ասիական տարածաշրջանները ընդգրկելով կհասնի Չինաստանի հյուսիս-արեւմտյան, թուրքաբնակ շրջաններ:

Եվ այսպես հետեւելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցին Չինաստան` եւ այն իրավապայմանագրային դաշտի թարմացմանը, որը տեղի ունեցավ այնտեղ, ինչպես նաեւ հայ-չինական հարաբերությունների կայուն զարգացման տեմպերին, ապա հասկանում ես, թե ինչ ճկուն կերպով է Հայաստանի Հանրապետությունը վարում իր բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը: Մերօրյա գրեթե Սառը պատերազմի պայմաններում, երբ բազմաթիվ մեծ ու փոքր պետություններ իրենց չզսպելով կամա թե ակամա հայտնվում են այս կամ այն ճամբարում, ապա Հայաստանը Հանրապետությունը արտաքին քաղաքականության ոլորտում որդեգրելով բազմավեկտոր քաղաքականություն կարողանում է դաշնակցային-ռազմավարական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի, բարեկամական` ԱՄՆ-ի, գործընկերային Եվրամիության, իսկ փոխգործակցային Չինաստանի հետ: Եվ իրոք որ, զարմանալի՛ եւ փայլուն դիվանագիտության հրաշալի օրինակ:

Արմեն Գեւորգյան

Տպել
Ամենաշատ