Ադրբեջանը փորձում է շփման գծում իրավիճակն իբրեւ լծակ օգտագործել հայկական կողմերի եւ միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով Բաքվի կողմից ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրավիճակի սրացմանը։
Նրա խոսքով՝ ներկայումս ծավալվող գործընթացները երկարաժամկետ բնույթ են կրում։ 2011թ.-ից սկսած՝ Ադրբեջանը շարունակում է այդ քաղաքականությունը՝ փորձելով պատերազմի վերսկսման ռեսուրսն օգտագործել բանակցային գործընթացում։ «Սակայն այդ սպառնալիքները հայկական կողմերին չեն կարող ստիպել զիջումների գնալ։ Վերջին միջադեպերը չեն նշանակում, որ վաղը կամ վաղը չէ մյուս օրը ակտիվ ռազմական գործողություններ են սկսվելու։ Այս պահին իրավիճակի սրումը պետք է ավելի շուտ դիտարկել որպես քաղաքական եւ ոչ թե ռազմական երեւույթ»,- հավելեց քաղաքագետը։