News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերը պետական գերակա շահ ճանաչելուց առաջ աճուրդ չի անցկացվել, իսկ շենքերը պետական գերակա շահ ճանաչելը հանրային շահի չարաշահում է: Այս մասին այսօր` մարտի 31-ին, լրագրողներին ասաց Տերյան 23 շենքի բնակիչ, «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը:

«2007-ի մարտի 1-ին շենքը Կառավարության կողմից գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում կայացվեց, իսկ շենքի իրացնող նշանակվեց Սամվել Մայրապետյանը, որը Բժշկական համալսարանի նախկին պրոռեկտորն էր: Այս մասին երկրորդ որոշումը կայացվեց 2009-ի փետրվարի 9-ին, իսկ արդեն 2012-ին կնքվեց պայմանագիր, որում նշված էր, որ պայմանագրի գործողությունները դադարում են, եթե դրա ստորագրումից հետո եռամսյա ժամկետում Կառավարությունը չի ընդունում շենքերը պետական գերակա շահ ճանաչելու մասին որոշումը, բայց այս մասին որոշումը կայացվեց 2013-ի օգոստոսի 20-ին»,-նշեց Գերավետյանը:

Վարդան Գերավետյանի խոսքով` Մայրապետյանը շենքի բակում բնակիչների կամքին հակառակ կառուցել է բազմահարկ շենք, որի վերաբերյալ քաղաքապետի եւ Կառավարության որոշումների մեջ ասվում է, որ դա բնակիչների համար եւ նրանց խնդրանքով է կառուցվում: 

«Դա չի համապատասխանում իրականությանը, ընդհակառակը բնակիչներն ի սկզբանե  դեմ են եղել շինարարությանը, բայց մեր կամքն առանց հաշվի առնելու, նա այդ շենքը կառուցեց»,-ասաց Տերյան 23-ի բնակիչը:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանն էլ նշեց, որ  շենքերի պետական գերակա շահ ճանաչելն արդարացված չէ, քանի որ այս շենքերի տեղերում հյուրանոց է կառուցվելու:

«Խնդիրն այն է, որ Հայաստանում օրենքները չեն գործում, քաղաքացիները պաշտպանված չեն: Տերյան 25-ը, որը ամուր ու լավ շենք է, ուզում են քանդել, բայց բնակիչները չեն ուզում լքել այն, քանի որ դա իրենց համար հայրենիքի նման մի բան է: Այստեղ ո՞րն է գերակա շահը: Հարգեք այս մարդկանց իրավունքները, ոչ թե մի մեծահարուստի շահի համար 100 բնակչի անտուն թողեք»,-ասաց Բաղդասարյանը:

Տերյան 23-ի բնակիչ Վարդան Գաբրիելյանն էլ ասաց, որ շենքի բնակիչներն արդեն 8 տարի սեփական բնակարաններում պարտադրված պաշարման մեջ են գտնվում.

«Շենքի բնակիչների տեղահանությունը նման է 1915թ. տեղահանությանը, ոչնչով չի տարբերվում: 8 տարի է տեռորի տակ ենք ապրում, այսօրվա գենոցիդ է, որն իրականացվում է այս շենքի 22 ընտանիքների նկատմամբ»,-ասաց Գաբրիելյանը:

Տպել
Ամենաշատ