News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ բարձաստիճան այլ զինվորականներ  այսօր՝ մարտի 31-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում մասնակցեցին մարտի 29-ին հակառակորդի գնդակից զոհված 20-ամյա Հովսեփ Անդրեասյանի հոգեհանգստյան արարողությանը: Հոգեհանգստին մասնակցելու համար հայրենի Մխչյան գյուղ էր գնացել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

Նախարար Սեյրան Օհանյանը զինծառայողի ծնողներին անձամբ հանձնեց  «Մարտական ծառայություն» մեդալը, որով հետմահու պարգեւատրվել է Հովսեփը:

«Հովսեփն ու իր ընկերները մեծ ծառայություն են տվել մեր հայրենիքին: Հովսեփի հոգին միշտ մեզ հետ է լինելու, նա իր կյանքն է տվել հանուն հայրենիքի: Մենք միշտ պետք է լինենք այս ընտանիքի կողքին, որպեսզի ցավը մի փոքր սփոփենք»,- ասաց նախարար Սեյրան Օհանյանը:

Հոգեհանգստին ներկա՝ Հովսեփի ընկերներից Յաշա Կարապետյանը NEWS.am-ի հետ զրուցում հիշեց,  որ Հովսեփը համարձակ ու հայրենասեր էր. «Մայրը միշտ ասում էր՝ Հովսեփ ջան, զգույշ կլինես, ինքն ասում էր՝ դրա եղածն ինչ է, ծառայություն է, էլի, որ վախով բարձրանաս պոստ, հաշվի՝ արդեն մահացած մարդ ես»:

Նշենք, որ Հովսեփ Անդրեասյանին զինվորական կարգով կհուղարկավորեն ապրիլի 1-ին հայրենի Մխչյան գյուղի գերեզմանատանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ  պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Տպել
Ամենաշատ