News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ապրիլի 1-ին Սյունիքի մարզում  երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ մասնակցել է Սյունիքի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը: Նախարարին ողջունելու էին եկել Պատանի երկրապահների ակումբի ներկայացուցիչները եւ Կապանի բնակիչները: Նախարար Երիցյանը զրուցեց բացմանը ներկա Կապանի բնակիչների հետ, հետաքրքրվեց նրանց հուզող խնդիրներով եւ հարցերով:

ՏԿԱԻ նախարարը ծանոթացավ Սյունիքի ՃԿԿ-ի աշխատակազմի հետ՝ նշելով, որ այն գոնե 70%-ով պետք է բաղկացած լինի բարձրագույն կրթություն ունեցող եւ առնվազն 3 լեզվի տիրապետող կանանցից, իսկ տղամարդկանց ներուժը հարկավոր է օգտագործել փրկարարական աշխատանքների իրականացման ոլորտում:

ՏԿԱԻՆ ՃԿԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը նախարարին ներկայացրեց մարզային ՃԿԿ-ի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները: Ցանկացած ինքնաթիռի մուտքը մարզ միանգամից գրանցվում է ՃԿԿ-ի մոնիթորներին, կենտրոնի օդերեւութաբանական համակարգը թույլ է տալիս կանխատեսել մարզի եղանակային պայմանները 10-օրյա ժամանակահատվածի համար: ՃԿԿ-ում հստակ գրանցվում է սեյսմիկ ակտիվությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաեւ հարեւան պետությունների տարածքներում:

Կենտրոնում գործում է GPS համակարգ, որի միջոցով մոնիթորների վրա հստակ երեւում է, թե որտեղ է գտնվում շտապօգնության կամ փրկարարական մեքենան, ինչը թույլ է տալիս անձնակազմին ճիշտ կողմնորոշել, թե որ ուղղությամբ իրենք պետք է շարժվեն:

ՃԿԿ-ի աշխատանքային օպերատիվությունը ստուգելու նպատակով նախարար Երիցյանը տեղում անձամբ կապ հաստատեց Լոռու մարզի եւ Երեւանի փրկարարական վարչությունների հետ, վերջիններս զեկուցեցին նախարարին օպերատիվ իրավիճակը: ՏԿԱԻ նախարարի հանձնարարականով՝ ամեն օր առավոտյան 8:30-ի դրությամբ ՃԿԿ-ից մարզային օպերատիվ տվյալները զեկուցվելու են Սյունիքի մարզպետին եւ Կապանի քաղաքապետին:

Ընդհանուր դրական գնահատելով Սյունիքի ՃԿԿ-ի կառուցման աշխատանքները՝ նախարար Երիցյանը հանձնարարեց  շենքի առաջին հարկում հարմարություններ ստեղծել հաշմանդամների աշխատանքի համար:

Տպել
Ամենաշատ