News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան»  խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին դիմել է հարցումով, որով հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են դպրոցներն ապահովում  իրենց գործունեությունը հրապարակային դարձնելու մասին օրենքի պահանջը:

Հարցման մեջ մասնավորապես, նշվում է.

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջով տարեկան մեկ անգամ, մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը, դպրոցները պետք է իրականացնեն  ներքին գնահատում, որը ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է: Սույն գնահատմանը մասնակից պետք է դառնան նաեւ ծնողներն ու աշակերտները: Այն  մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը պետք է ներկայացվի ուսումնական հաստատության կառավարման, մանկավարժական, ծնողական եւ աշակերտական  խորհուրդներին: Դպրոցը պետք է  ապահովի դրա հրապարակումը:

Օրենքի  սույն պահանջը  բխում է  ուսումնական հաստատության ժողովրդավար կառավարման սկզբունքից, որն ամրագրված է 5-րդ՝ «Հանրակրթության նպատակները եւ պետական քաղաքականության սկզբունքները»  հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում:

Կարծում եմ, որ  Yerevan.am  կայքում  դպրոցի հասցեից, հեռախոսահամարից ու ֆինանսական փաստաթղթերից բացի պետք է դրվի յուրաքանչյուր դպրոցի կայքէջը, որտեղից շահագրգիռ հասարակությունը կստանա դպրոցի առօրյայի մասին տեղեկություններ, ինչպես նաեւ այնտեղ կտեղադրվի օրենքի պահանջով իրականացված դպրոցի ներքին գնահատման հաշվետվությունը եւ նրա գործունեությունը  թափանցիկ կլինի հասարակությանը:

Խնդրում եմ  տեղեկացնել, թե օրենքի վերոնշյալ պահանջը՝  հրապարակել դպրոցի ներքին գնահատման հաշվետվությունը, ինչպե՞ս է իրականացվում, ո՞րտեղ գտնել դրանք:

Այս հարցումն ուղղված է  պետական այն բոլոր  մարմիններին, որոնց ենթակայության տակ կան հանրակրթական ուսումնական հաստատություններ»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ