News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գոռի հայրը՝ Բաբկենը, որը Արցախյան հերոսամարտի մասնակից է, սիրում էր հավաքել ընկերներին, հարազատներին եւ պատմել պատերազմից իր հիշողությունների մասին։ Փոքրիկ Գոռը նրա ամենաուշադիր ունկնդիրն էր։ Հենց այդ երեկոների ընթացքում էլ մարտի դաշտում ընկերության, անձնազոհության եւ հերոսության պատմություններից տպավորված փոքրիկ տղան մտքում որոշում կայացրեց՝ զինվորական է դառնալու։ Սա Գոռի առաջին ինքնուրույն որոշումն էր, դրանից հետո նա իր կյանքին ու կարիերային վերաբերող բոլոր որոշումները ինքնուրույն պիտի կայացներ։

«Դպրոցն ավարտելուց հետո Գոռն ընդունվեց Հայաստանի ագրարային համալսարան, միաժամանակ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Մինչեւ վերջին պահը կարծում էինք, որ ագրարային կգնա, բայց վերջին պահին հորեղբոր որդու՝ Վահեի հետ, մտքափոխվեցին եւ ուսումը շարունակեցին ռազմական ինստիտուտում։ Մենք չենք էլ իմացել այդ մասին, Գոռն ինքնուրույն է այդ որոշումը կայացրել»,- պատմում է Գոռի ավագ եղբայրը՝ Շանթ Գրիգորյանը։

Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Գոռը իր երկրորդ կարեւոր որոշումն է կայացնում՝ կրկին առանց ծնողներին տեղյակ պահելու. հրաժարվում է մասնակցել զորամաս ընտրելու վիճակահանությանը եւ սեփական դիմումի համաձայն՝ ծառայության անցնում Արցախի Ասկերանի շրջանի զորամասում: Ծնողներին նա այդպես էլ հնարավորություն չի տալիս՝ գոնե փորձել տարհամոզել իրեն, թեեւ հետադարձ հայացք գցելով՝ հարազատները, որոնք լավ գիտեն նրա խառնվածքը, գիտակցում են՝ հազիվ թե իրենց հաջողվեր փոխել նրա որոշումը։ Ընտանիքի համար անակնկալ ու իր համար ճակատագրական մյուս որոշումը Գոռը կայացնում է 2014թ. սկզբին՝ իր կամքով ծառայության անցնելով Մարտակերտի «Եղնիկներ» զորամասում։

«Եղբայրս միակն է, որ դիմում է գրել եւ գնացել «Եղնիկներում» ծառայելու: Սա հպարտության առիթ է, ինչպես նաեւ ապացույց, թե Գոռն ինչքան կայացած մարդ էր: Նա ոչինչ հաշվի չառավ, մեզ էլ տեղյակ չէր պահել: Հայրս հետո է իմացել, որ Գոռն է անձամբ դիմում գրել, բարկացավ, բայց դե Գոռն արդեն որոշել էր իր անելիքը»,- պատմում է Շանթը:

Շանթը հիշում է՝ եղբայրն իդեալիստ էր, հավատում էր իր արածին, համարձակությամբ նայում խնդիրներին։ Մեկուկես տարվա զինվորական ծառայությունը փոխել էր Գոռին, նա ավելի ինքնամփոփ էր դարձել, քչախոս, չէր սիրում, երբ ծառայությունից էին հարցնում, ընտանիքում երբեք չէր խոսում զինվորական կյանքի դժվարություններից, մինչդեռ ինքը տեղյակ էր բոլոր խնդիրներից եւ փորձում էր բոլորին օգնել։

«Գոռն այնպես էր ապրում, որ երբեք գլուխ չխոնարհի: Եղբորս զինվորները պատմում են, որ նա գիշեր-ցերեկ պարապում էր սեփական կարողությունների վրա, ուզում էր ճիշտը լինել, լավը լինել: Բոլորի մասին հոգ էր տանում, հատկապես իր զինվորների, նրանց համար ամեն առավոտ խոտաբույսերով թեյ էր պատրաստում, բոլորի հետ հավասար դիրքերը պահում»,- հպարտությամբ նշում է զոհված լեյտենանտի եղբայրը։

Ծառայելու ընթացքում Գոռը որոշում է մշտական բնակություն հաստատել Արցախում, այնտեղ տուն գնել, ընտանիք կազմել, սակայն այս անգամ նրա փոխարեն որոշում է կայացնում ճակատագիրը։ 2014թ. օգոստոսին շփման գծում լարվածության կտրուկ սրման ժամանակ Գոռ Գրիգորյանը զոհվում է. ավարտելով 23 տարվա ճանապարհը դեպի անմահություն։

Տպել
Ամենաշատ