News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությամբ այսօր`  ապրիլի 17-ին, Ավետ Ավետիսյան 23 հասցեում բացվել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանի հուշատախտակը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջոցառմանը մասնակցել են իրավաբանական համայնքի բարձրաստիճան ներկայացուցիչները, Վլադիմիր Նազարյանի հարազատներն ու նախկին սաները:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը բացման խոսքում նշել է, որ ընդամենը շաբաթներ առաջ է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ քննարկել Վլադիմիր Նազարյանի հուշատախտակի տեղադրման գաղափարը:

«Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին՝ գաղափարին միանալու եւ աջակցելու համար եւ բոլոր այն անձանց, ովքեր ապահովեցին կազմակերպական աշխատանքը: Այս համեստ նյութական արտահայտությունը մեր հիշողության եւ երախտիքի՝ մեր իրավաբանական համայնքի ամենապայծառ դեմքերից մեկին՝ մեր հոգու պարտքն է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ թեկուզ մեկ անգամ Վլադիմիր Նազարյանի հետ շփված մարդու մոտ նա թողնում էր չմոռացվող  հիշողություններ:

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կարեւորել է նախաձեռնությունը եւ Արդարադատության նախարարի առաջարկը, ով փորձել է ուշացած այս քայլն իրականություն դարձնել:

«Խորհրդանշական է, որ այս օրը համընկավ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա հետ. Վլադիմիր Նազարյանն էլ այս ոլորտում մեր ազգային այն մեծություններից է, ով կհիշվի ընդմիշտ: Նա մեր մասնագիտական ոլորտում ոչ մի վայրկյան մոռացության չի մատնվում, եւ եթե 3-4 իրավաբան հավաքվում են, ապա առնվազն խոսքի կեսից մեջբերում են Վլադիմիր Նազարյանին՝ սիրով ու գորովանքով»,- ասել է Գագիկ Հարությունյանը եւ ընդգծել, որ այսօր էլ մարդիկ շարունակում են իրենց մասնագիտական ճշմարտությունը չափել ու կշռել նազարյանական ճշմարտությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ ինքն անձնապես պատիվ է ունեցել առնչվել Վլադիմիր Նազարյանի հետ, ով եղել է իր թեկնածուական ատենախոսության հիմնական ընդդիմախոսը:  «Անգամ այդ կարճ ժամանակահատվածում նրա հետ հարաբերությունները թե՛ մասնագիտական, թե՛ անձնական հարթության մեջ եղել են հիշարժան»,- նշել է գլխավոր դատախազը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նույնպես բարձր է գնահատել Վլադիմիր Նազարյանի ձեւավորած իրավական նոր մշակույթն ու ընդգծել, որ նրա համար կյանքի մեծագույն արժեքն արարելն էր կամ ինչպես Վլադիմիր Նազարյանն էր սիրում ասել. «Նորին գերազանցություն աշխատանքը»: 

Վլադիմիր Նազարյանի քույր Լաուրա Նազարյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության եւ եղբոր հիշատակը վառ պահելու համար:

Տպել
Ամենաշատ