Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու կամ այսպես կոչված «Բանդայի գործով» ամբաստանյալ Դավիթ Գալստյանի փաստաբանը արդարացում է պահանջում իր պաշտպանյալի համար, որն առաջին ատյանի դատարանի որոշմամբ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
«Իմ պաշտպանյալին նախաքննության ժամանակ բռնության են ենթարկել եւ այդ միջոցով էլ կորզել են խոստովանական ցուցմունքները: Բանդայի անդամներին միայն դա՝ խոշտանգումների ենթարկվելն է միավորում, ուրիշ ոչ մի բան: Դատավճռի հիմքում հիմնականում դրվել են իմ պաշտպանյալից բռնությամբ եւ կտտանքներով կորզված ցուցմունքները, այնինչ դատարանում ինքն այլ ցուցմունք է տվել, որին ոչ մի ուշադրություն չի դարձվել»,-այսօր՝ ապրիլի 20-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում հայտարարեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Ամբաստանյալ Դավիթ Գալստյանը միացավ իր փաստաբանի բողոքին:
Գործով դատախազ Սասուն Խաչատրյանն առարկեց վերաքննիչ բողոքին՝ նշելով, որ ոչ մի ապացույց չկա, որը կարդարացներ մեղադրյալներին:
Բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի քույրը վրդովվեց դատախազի խոսքերից, ձայնը բարձրացրեց, ինչից հետո դատական կարգադրիչները դատավորի կարգադրությամբ նրան դուրս հրավիրեցին նիստերի դահլիճից:
Հաջորդ դատական նիստին փաստաբանները հանդես կգան միջնորդություններով:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 27-ին:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 26-ին «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։