Արգենտինահայ Րաֆֆի Սիմոնյանը մեկ շաբաթ առաջ Հայաստան է ժամանել ոչ միայն մասնակացելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, այլև իր հետ բերելու արգենտինական թերթ, որ մեջ 1915թ. ապրիլի 28-ին հրապարակվել է հոդված Ցեղասպանության մասին:
«Արգենտինայում լույս է տեսնում մի թերթ, որն արդեն 113 տարեկան է: Դրանից ելնելով որոշեցի անպայման գտնել այդ թերթը, քանի որ մտածեցի, որ այնտեղ հաստատ Ցեղասպանության մասին գրված կլինի: Եվ այդպես 3 ամիս առաջ գտա թերթի այն համարը, որը լույս էր տեսել 1915թ. ապրիլի 28-ին: Այնտեղ գրված էր, որ Ստամբուլում 300 կղերական է կալանավորվել հեղափոխություն կազմակերպելու կասկածանքով: Թերթի այդ հրապարակումն էլ ևս մեկ անգամ ապացուցում է, որ ցեղասպանություն է եղել »,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արծաթ Րաֆֆի Սիմոնյանը, որն ապրիլի 24-ին ցեղասպանության ինստիտուտ-թանգարան էր եկել` նվիրելու արգենտինական այդ թերթի համարը:
Նրա խոսքով, Ցեղասպանության ճանաչման համար պետք է պայքարել ամեն օր, ամեն ժամ, մինչև որ Թուրքիան ճանաչի այն, ինչպես նաև հետ վերադարձնի հայերին պատկանող հողերը. «Բայց պետք է համբերություն ունենանք և ամեն վայրկյան պայքարենք»: