Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու մեջ մեղադրվող, այսպես կոչված «Բանդայի գործով» ամբաստանյալների փաստաբանների ներկայացրած միջնորդությունը գործով էական վկաների հարցաքննելու մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց։
Դատարանը իր որոշումը հիմնավորեց նրանով, որ եղած ապացույցները բավարար են որոշում կայացնելու համար։
Փաստաբանները ներկայացրին եւս մեկ միջնորդություն՝ կապված կրկնակի մատնադրոշմային փորձաքննություն նշանակելու մասին։ Դատարանը հետաձգեց այս միջնորդության որոշումը միչեւ հաջորդ դատական նիստ։
Նշենք, որ գործով մեղադրող Սասուն Խաչատրյանն այսօր դատական նիստին չեր ներկայացել։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 4-ին։
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 26-ին «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։