News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող «Genealogy» (թարգմանաբար՝ ծագումնաբանություն) խմբի վեց անդամներին, որոնք, խորհրդանշելով անմոռուկի հինգ թերթիկները, ներկայացնում են երկրագնդի հինգ աշխարհամասերում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին եւ Հայաստանը:

Խմբում ընդգրկված Եսայի Ալթունյանը՝ Եվրոպայից, Թամար Կապրելյանը` Ամերիկայից, Վահե Թիլբյանը` Աֆրիկայից, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը` Ավստրալիայից, Ստեֆանի Թոփալյանը` Ասիայից եւ Ինգա Արշակյանը՝ Հայաստանից, մրցույթին ներկայացնելու են «Face The Shadow» (թարգմանաբար` առերեսվիր ստվերին) երգը: Այն համամարդկային արժեքների մասին է՝ սիրո, համերաշխության, հավատարմության եւ սերունդների ծագումնաբանության՝ գենետիկայի:

ՀՀ նախագահի հետ հանդիպմանը խմբի անդամների հետ մասնակցել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը եւ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Նախագահը խմբի հինգ անդամներին, ովքեր բնակվում են արտերկրում եւ մինչ այս դիմել էին ՀՀ նախագահին՝ իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու խնդրանքով, հանդիպման ժամանակ հանձնել է ՀՀ անձնագրերը, շնորհավորել նրանց՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարեւոր առիթով եւ մաղթել հաջողություններ: Հանրապետության նախագահը ողջունել է այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը յուրահատուկ ձեւաչափով եւ նոր ձեւավորված խմբով ներկայացնելու գեղեցիկ գաղափարն ու միասնականությունը: «Ինքներդ էլ համոզվեցիք՝ այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառումները եւ աշխարհով մեկ դրանց բազմաթիվ արձագանքները հաստատեցին, որ եթե բոլորս միասին ենք, համախմբված նույն գաղափարի շուրջ, միշտ հաջողություն ենք ունենում: Վստահ եմ՝ դուք էլ եք հաջողություն ունենալու, որովհետեւ, իրոք, համախմբվել եք նույն գաղափարի շուրջ, ձեր երգը հրաշալի է, գաղափարը՝ նույնպես»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին՝ ջերմ խոսքերի եւ ընդունելության համար, նշելով, որ այն նոր եռանդ, ոգեւորություն եւ բարձր տրամադրություն է հաղորդում իրենց՝ մրցույթին մասնակցելու ավելի վստահ եւ մեծ պատասխանատվությամբ: Նրանք կարեւորել են նաեւ օրերս Ավստրիայի կողմից, որտեղ անցկացվելու է մրցույթը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչը, ըստ խմբի անդամների, թույլ կտա ավելի ուժեղ եւ վստահ զգալ Վիեննայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ