News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բանակում չծառայածների ՀՀ վերադարձի հնարավորությունը մեկ տարով երկարաձգելու մասին օրենքով օրինականացնում են բանակից խուսափելու հնարավորությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով ձեռնպահ է քվեարկել այդ օրինագծին:

Նա նշեց, որ ինքը կիսում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջանգիրյանի մտահոգությունները այդ օրենքի վերաբերյալ, կարծում է, որ դրանով օրինականացնում են բանակից խուսափելու հնարավորությունը: «Ես ենթադրում եմ, որ այսպես թե այնպես, ովքեր խուսափում են, դիմելու են այդ միջոցներին, միգուցե այն, ինչ-որ նախատեսված է վճարման եւ բանակից խուսափելու համար, գոնե ինչ-որ տեղ պայմանագրային զինծառայողներ ունենալու հնարավորությունն է մեծանում, դրա համար էլ ձեռնպահ եմ քվեարկել»,-ասաց ՀԱԿ պատգամավորը:

Նա չի ընդունում, որ պետք է պայմաններ ստեղծել բանակից խուսափելու համար, «Սա միանշանակ մոտեցում չէ, չգիտենք որտեղ կշահենք, որտեղ կկորցնենք, պետք է զգույշ լինել նման հարցերում: Մենք միշտ համալրման խնդիր ենք ունենում, պետք է ամեն ինչ անենք, որ ամեն ՀՀ քաղաքացի պարտավորություն զգա բանակին եւ հայրենիքին ծառայելու»:

«Երկակի մոտեցում գոյություն ունի, ես ինձ վրա չէի վերցնի այն պատասխանատվությունը, որ  այդ օրենքով բանակից խուսափելու հնարավորություն ստեղծվի»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Նա նշեց, որ որեւէ խնդիր չկա, որ ինքը ձեռնպահ է քվեարկել, խմբակցության որոշ պատգամավորներ՝ դեմ: Պատգամավորն ասաց, որ իրենք ներկայացնում են տարբեր կուսակցություններ, ժողովրդավար խմբակցություն է, երբեմն կարող են տարբերություններ լինել կարծիքներ միջեւ:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն բանակում չծառայած ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադարձի հնարավորությունը երկարաձգել է մեկ տարով: «Հաստատված կարգի համաձայն զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ԱԺ-ում ընդունվել է 107 կողմ, 4 դեմ եւ 1 ձեռնպահ (վերջին 5-ը ՀԱԿ խմբակցությունից են) ձայներով:

Մայր օրենքն ընդունվել է 2003 թվականին, որը նախատեսում է, որ 27 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք խուսափել են բանակում ծառայելուց, ամեն զորակոչի համար (մինչեւ 27 տարին լրանալը) կարող են վճարել որոշակի գումար եւ վերադառնալ Հայաստան՝ առանց վախենալու քրեական հետապնդումից:

Ավելի ուշ օրենքի գործողության ժամկետը պարբերաբար երկարաձգվել էր մեկ տարով: Ներկա փոփոխությունն առաջարկում է երկարաձգել օրենքի գործողության ժամկետը մինչեւ 2014 թվականի զորակոչի ավարտը:

Ըստ այդմ, այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, կարող են վերադառնալ Հայաստան՝ վճարելով 200 հազար դրամ յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի համար:

Տպել
Ամենաշատ