News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Էռլունի հետ հարցազրույցը:

Վերջերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում կողմերը հայտարարեցին քաղաքական երկխոսությունը զարգացնելու շուրջ հետաքրքրության մասին: Երկրների միջեւ հարաբերությունների խորացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Չինաստան կայացավ այս տարվա մարտին: Այդ պատմական այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին հայ-չինական հարաբերությունների հարցերի բավական լայն շրջանակի շուրջ եւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման մասին համատեղ Հռչակագիր ստորագրեցին: Դրա համաձայն, կողմերը հետագայում նույնպես զարգացնելու են հարաբերությունները՝ ձեւավորված փոխադարձ հարգանքի, հավասարության, փոխշահավետության հիման վրա, քաղաքական, առեւտրատնտեսական, մարդասիրական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների: Հայ-չինական համագործակցության զարգացման առումով դա իր տեսակի մեջ «ճանապարհային քարտեզ է»:

Չինաստանն ի՞նչ շահեր է հետապնդում Հարավային Կովկասում: Հատկապես ի՞նչ ուղղություններով է ՉԺՀ-ն պատրաստվում հարաբերություններ զարգացնել տարածաշրջանի երկրների հետ:

Չինաստանն առանձնահատուկ դերի չի հավակնում եւ Հարավային Կովկասում որեւէ հատուկ շահեր չի հետապնդում: Չինաստանը շահագրգռված է բարեկամ եւ իրավահավասար գործընկերների ձեռքբերմամբ, բարեկամական եւ փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ: Չինաստանն այսուհետ նույնպես ամրապնդելու է քաղաքական վստահությունը, զարգացնելու է Հարավային Կովկասի երկրների հետ առեւտրատնտեսական համագործակցությունն ու խորացնելու է մարդասիրական կապերը:

Հայ ձեռներեցներն այնքան էլ ակտիվ չեն չինական շուկայում աշխատելու ուղղությամբ: Որպես խոչընդոտներից մեկը նրանք նշում են ՉԺՀ-ի բարդ հարկային եւ մաքսային օրենսդրությունը: Հայ ձեռներեցները որտե՞ղ կարող են անհրաժեշտ իրավական աջակցություն ստանալ:

Ավելի քան 30 տարվա ընթացքում իրականացվող անդադար բարեփոխումների քաղաքականության արդյունքում կատարելագործվում է չինական հարկային եւ մաքսային օրենսդրությունը, ամրապնդվում է չինական շուկայի հանդեպ օտարերկրյա գործարարների վստահությունը: 2014 թվականին Չինաստանը շուրջ 120 մլրդ դոլարի չափով օտարերկրյա ուղղակի ներդրումներ է ներգրավել՝ այդ ցուցանիշով առաջ անցնելով աշխարհի առաջատար բոլոր երկրներից: Չինական շուկան բաց է աշխարհի բոլոր երկրների գործարարների համար: ՉԺՀ դեսպանությանն առընթեր առեւտրատնտեսական համագործակցության հարցերի խորհրդականի գրասենյակը սերտ կապեր է պահպանում Հայաստանի կառավարական մարմինների եւ գործարարների հետ, նրանց աջակցում է չինական շուկայի հետ կապեր հաստատելու հարցում: Հայաստանյան գործարարները նաեւ կարող են ուղղակի կապ հաստատել չինական համապատասխան առեւտրային ասոցիացիաների կայքերի հետ, որոնք բավական օգտակար տեղեկատվություն են պարունակում:

Չինաստանն Իրանի ենթակառուցվածքներում խոշորագույն ներդրողներից է, այդ թվում՝ երկաթուղում: Չինական ձեռնարկությունները հետաքրքրվա՞ծ են Իրան-Հայաստան երկաթուղում ներդրումների հարցում:

Չինական կառավարությունը «դեպի միջազգային շուկաներ ելքի» ռազմավարություն է իրականացնում, հայրենի ձեռներեցներին խրախուսում է ակտիվ մասնակցություն ունենալ ենթակառուցվածքների շինարարությունում եւ արդյունաբերական կոոպեացիանեում: Մեր տեղեկությունների համաձայն, չինական շահագրգիռ կազմակերպությունն ուշադրություն են դարձնում հայ-իրանական երկաթուղու շինարարության նախագծին եւ դիտարկում են դրանում մասնակցության հնարավորությունը:

Մի քանի տարի առաջ հայտարարվեց Հայաստանում երկաթի հանքավայրի ուսումնասիրման մասին՝ չինական կապիտալով «Fortune Resources» ընկերության կողմից: Դրա իրականացումն իրակա՞ն է, եւ ներկայում ի՞նչ փուլում է այն գտնվում:

Որքան մեզ հայտնի է, համագործակցության այդ նախագիծը դիտարկվում եւ աստիճանաբար իրականացվում է ըստ նախանշված ծրագրի: Չինաստանի կառավարությունը չինական ձեռնարկություններին աջակցում է Հայաստանում փոխշահավետ հիմքով եւ շուկայական սկզբունքներին համապատասխան ներդրումային համագործակցության եւ արդյունաբերական կոոպերացիաների հարցում: Հատկապես այնպիսի առաջնահերթ ուղղություններով, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, հեռահաղորդակցությունը, գյուղատնտեսությունն եւ ենթակառուցվածքները:

Հայկական կողմը ողջունեց Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման շուրջ Չինաստանի նախաձեռնությունը: Տնտեսական կապերի զարգացման հարցում կարեւոր դեր ունեն նաեւ մարդասիրական կապերը: Դեսպանությունը չինական մշակույթի, երկու ժողովուրդների միջեւ կապերի զարգացման ծրագրեր ունի՞:

Մարդասիրական կապերը մեծապես կանխորոշում են մեր երկրների միջեւ հարաբերությունների հիմքը: Այդ ուղղությամբ արդեն մեծ աշխատանք է տարվել: Մարդասիրական կապերի զարգացումը Հայաստանում Չինաստանի դեսպանության առաջնահերթ խնդիրներից է: Նախ՝ մշակութային համագործակցության զարգացման առումով: Այս տարվա հունիսին Չինաստանում Հայկական մշակույթի օրեր են անցկացվելու: Երկրորդ՝ կրթական ոլորտում համագործակցության առումով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, Երեւանում չինարենի ուսուցմամբ դպրոց է բացվելու: Դպրոցի նախագծման աշխատանքներն այս տարվա ապրիլին արդեն մեկնարկել են: Հայաստանում հաջողությամբ գործունեություն են ծավալում Կոնֆուցիոսի ինստիտուտն ու չինարենի եւ չինական մշակույթի կենտրոնները: Աշխատանքներ են տարվում նաեւ այն ուղղությամբ, որ չինարենն ուսումնասիրողների թիվը Հայաստանում ավելանա: Ենթադրում եմ, որ մեր երկրների միջեւ ուսանողների փոխանակման ծրագրերը կընդլայնվեն: Մեծ նշանակություն ունի նաեւ զբոսաշրջության զարգացումը՝ մեր ժողովուրդների միջեւ ավելի լայն շփումներ ապահովելու նպատակով: Հայաստանում Չինաստանի դեսպանությունը պատրաստ է ջանքեր գործադրել, որպեսզի երկու երկրների քաղաքացիների միջեւ փոխայցելություններն ավելանան:

Պատրաստեց՝ Աննա Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ