News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Աղայան 9 հասցեում, որտեղ  ապրել է հայ ականավոր աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լյուդվիկ Միրզոյանը, այսօր` մայիսի 1-ին, գիտնականի ծննդյան օրը բացվեց նրա հիշատակին նվիրված հուշատախտակը:

Աստղաֆիզիկոսի դուստրը` Անահիտ Միրզոյանը, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գիտնականն այս շենքում է անցկացրել իր կյանքի վերջին 26 տարիները. «Այսօր նա կդառնար 92 տարեկան եւ շատ լավ է, որ հայրիկիս հիշատակին նվիրված հուշատախտակ բացվեց եւ այսուհետ, նրանք, որոնք չգիտեին, որ հայրս ապրել է այս շենքում,  հուշաքարի շնորհիվ կիմանան»:

Հուշաքարի բացման արարողությանը ներկա, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ Լյուդվիկ Միրզոյանն այն հայ ականավոր գիտնականներից է, որը մեծ ավանդ ունի աստղագիտության զարգացման գործում. «Շատ լավ է, որ բարի ավանդույթ է ձեւավորվել` հուշատախտակներ տեղադրել այն անվանի երախտավորների հիշատակին, որոնք իրենց գործով, կյանքով մեր ժողովրդին ու հայրենիքին մեծ ծառայություն են մատուցել»:

 Նշենք, որ հուշատախտակի բացման արարողությանը ներկա էին  Լյուդվիկ Միրզոյանի երեխաները, թոռները ընկերները, գործընկերներն ու հարեւանները:

Նշենք, որ 1953-ին Լ. Միրզոյանը նշանակվել է Բյուրականի աստղադիտարանի գիտական քարտուղար, իսկ 1959-ին՝ տնօրենի տեղակալ, եւ մոտ 30 տարի (1959-86թթ) բեղմնավոր աշխատում այդ պաշտոնում, միաժամանակ իր ուսերի վրա կրելով թե գիտական աշխատանքի կազմակերպման, եւ թե վարչական աշխատանքի դժվարությունները: 1965-ից Միրզոյանը ղեկավարում է Բյուրականի աստղադիտարանի աստղերի եւ միգամածությունների ֆիզիկայի բաժինը, որը զբաղվում է երիտասարդ անկայուն աստղերի եւ աստղային օբյեկտների ուսումնասիրությամբ:

Այդ այն բուռն ծաղկման ժամանակաշրջանն էր, երբ Բյուրականի աստղադիտարանը հասավ լուրջ գիտական նվաճումների եւ կարճ ժամանակում դուրս եկավ աշխարհի առաջատար աստղադիտարանների շարքը՝ դառնալով աշխարհի հայտնի գիտական կենտրոններից մեկը, որի համար արժանացավ կառավարական բարձր պարգեւի՝Լենինի շքանշանի: Բյուրականի աստղադիտարանն իրավամբ դարձավ հայկական գիտության խորհրդանիշը եւ Հայաստանի այցեքարտը:

Լյուդվիկ Միրզոյանը եղել է Վիկտոր Համբարձումյանի առաջին աշակերտներից մեկը , հետագայում դառնալով հայ աստղաֆիզիկոսների հաջորդ բոլոր սերունդների ուսուցիչը, համարյա կես դար դասավանդելով ԵՊՀ-ում: Նրա ասպիրանտները բազմաթիվ արտասահմանյան երկրներից, այսօր էլ հաջողությամբ աշխատում են աշխարհի տարբեր աստղադիտարաններում եւ գիտական կենտրոններում եւ երախտագիտությամբ հիշում իրենց սիրելի ուսուցչին:

14 տարի է անցել անվանի գիտնականի ու արժանավոր քաղաքացու մահվան օրվանից: Թվում է, որ ժամանակն է ակադեմիկոս Լյուդվիկ Միրզոյանի անվամբ անվանակոչելու մեկական փողոց Երեւանում եւ Բյուրականում:

Արդարացի կլինի, որ հայրենասեր մտավորականի անունը նաեւ ֆիզիկապես ներկա լինի երկու այդ բնակավայրերում, ուր նրա ոգեղեն ներկայությունը չի մարում մինչեւ օրս:

Գիտության նվիրյալը. Հայ-վրացական կոլոկվիում՝ նվիրված ակադեմիկոս Լյուդվիկ Միրզոյանին

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

Տպել
Ամենաշատ