News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում ուսումնասիրվել է 2012-2014 թվականների ընթացքում խախտումներ արձանագրված հասցեների առկա վիճակը: Նշվել է, որ 6 վարչական շրջաններում հայտնաբերվել են առանց համապատասխան փաստաթղթերի շինարարությունը շարունակելու դեպքեր, որոնց մասով կազմվել է շուրջ 20 վարչական կրկնակի արձանագրություն: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է աշխատանքները պահել խիստ հսկողության տակ ու կրկնության դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր քայլերը եւ գործերն ուղարկել ՀՀ դատախազություն: 

«Վերջին տարիներին Երեւանի քաղաքապետարանը ակտիվ պայքար է տանում ապօրինաշինության եւ հողազավթման դեպքերի կանխնման ուղղությամբ: Եվ անընդունելի է, որ նման խիստ հսկողության պարագայում որոշ հասցեներում կրկնվում են խախտումները: Ոմանք գուցե նշեն, որ 20 դեպքը չնչին է՝ հատկապես համեմատելով 5 կամ 10 տարի առաջվա համանման դեպքերի հետ, բայց ինձ համար այսօր անգամ մեկ դեպքն է անընդունելի: Նման ուսումնասիրությունների անցկացումը այսուհետ դառնալու է աշխատաոճ: Եղեք ավելի խիստ եւ հետեւողական, որպեսզի անգամ ապօրինի շինարարություն սկսելու մտադրությունը բացառվի, էլ չեմ խոսում նույն հասցեում դրանց կրկնման հնարավորության մասին: Իսկ կրկնակի բոլոր խախտումների դեպքում, օրենքով սահմանված կարգով, գործերը տրամադրեք դատախազությանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տպել
Ամենաշատ