News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հարցազրույցը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ։

Համաձայն կողմերի հայտարարության՝ վերջին տարիներին նկատվում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կայուն աճ։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք դա, եւ որո՞նք են դրա պատճառները։

Իրոք, կողմերը պնդում են, որ իրավիճակը սրվել է։ Հայտնում են ներթափանցումների, շփման գծում եւ սահմանին զոհերի, ինչպես նաև գյուղերին եւ խաղաղ բնակիչներին թիրախ դարձնելու մասին։ ԵԱՀԿ գործող նախագահը, Մինսկի խմբի համանախագահները եւ այլ երկրների ներկայացուցիչներն ու միջազգային կազմակերպությունները կոչ են արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։ Ես շատ մտահոգված եմ այդ տեղեկություններով։ Մահվան ամեն մի դեպքը ողբերգություն է, որից հնարավոր է խուսափել, եթե հրադադարի հաստատման ռեժիմի համաձայնագիրը լիովին պահպանվի։

Հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել կողմերի միջեւ ձեռք բերած համաձայնության եւ նրանց կողմից ցուցաբերած քաղաքական կամքի շնորհիվ: ։ Այդ իսկ պատճառով կողմերը պատասխանատու են այն բանի համար, որ իրենց զորքերը շփման գծում եւ սահմանին չխախտեն հրադադարի պահպանման ռեժիմը։ Համաձայնագրի իրականացումն ընկած է համապատասխան ուժերի հրամանատարների վրա։ ԵԱՀԿ նախագահությունը, Մինսկի խմբի համանախագահները եւ ես աշխատում ենք ուղիներ գտնել հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ այդ միջադեպերի հետեւանքները մեղմելու համար։ Սակայն հրադադարի ռեժիմի համաձայնագրի իրականացմանը հետեւելու վերջնական պատասխանատվությունն ընկած է կողմերի վրա։

Ի՞նչ լրացուցիչ քայլեր կարող է ձեռնարկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը ստեղծված իրավիճակում։

Ես պատրաստ եմ ամեն կերպ օժանդակել վստահության հաստատմանը եւ ես մշտապես աշխատում եմ իմ մանդատին համապատասխան գաղափարներ ներկայացնելու ուղղությամբ։ Ես տեղի հրամանատարներին առաջարկում եմ անմիջական շփում հաստատել՝ մոնիտորինգի ժամանակ օգտագործելով ԵԱՀԿ ռադիոն եւ պաշտպանում եմ ցանկացած միջոցառում, որը կողմերը օգտակար կհամարեն սահմանին եւ զորքերի շփման գծում միջադեպերի քանակի նվազեցման համար։ Ես մեծ ուշադրություն եմ դարձնում ճակատի գծին մոտ գտնվող շրջաններում քաղաքացիական բնակչության պաշտպանությանը, այցելում եմ գյուղերը, տեղում ծանոթանում տիրող իրավիճակին։ Արդյունքների մասին տեղյակ եմ պահում ԵԱՀԿ նախագահին, Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ-ին։ Ընդհանուր առմամբ ես աշխատում եմ միջոցառումներ մշակել եւ իրականացնել վստահության ամրապնդման համար, որոնք կարող են մեղմել իրավիճակը եւ նպաստել համանախագահների կողմից տարվող խաղաղ բանակցություններում առաջընթաց գրանցելուն։ Ես կցանկանայի ընդգծել, որ ինչպիսին էլ որ լինեն մեր գործողությունները, մենք կարող ենք անել միայն այն, ինչ կողմերը կհամաձայնվեն ընդունել։

ԵԱՀԿ թիմերի այցելությունները սահման եւ շփման գիծ չեն կարող փոխարինել հրադադարի ռեժիմի պահպանման հսկողության մեխանիզմի իրականացմանը։ Այնուամենայնիվ տեղի հրամանատարները և այլ մարդիկ շարունակում են մեզ հայտնել, որ մեր այցելությունները շահագրգիռ կողմերին հնարավորություն են տալիս լուծել փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցեր եւ անհրաժեշտության դեպքում, նվազեցնել իրավիճակի սրման վտանգը։ Այդ այցելությունները հնարավորություն են տալիս նաեւ ԵԱՀԿ գործող նախագահին եւ Մինսկի խմբի համանախագահներին տեղյակ պահել տեղերում տիրող իրավիճակի մասին, ինչպիսին այն երևում է տեղում։

Կողմերը ձեզ դիմո՞ւմ են լրացուցիչ մոնիտորինգ անցկացնելու խնդրանքով։

Մենք պատրաստ ենք մեծացնել ցուցաբերվող օգնությունը ցանկացած տեսքով, որը որ կողմերին անհրաժեշտ կլինի:

Կողմերը հակառակորդի դրսեւորած ագրեսիայի ապացույցներ ներկայացնո՞ւմ են։

Մոնիտորինգի ժամանակ եւ կողմերի հետ կապ հաստատելիս մենք շփման գծում եւ սահմանին միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ ենք ստանում։ Ես ռեսուրսներ չունեմ հետաքննելու, թե ինչ է կատարվում ամեն օր, եւ որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը։ Բոլոր դիտարկումները եւ ուղերձները փոխանցվում են համանախագահներին, Մինսկի խմբի անդամներին եւ գործող նախագահին՝ մոնիտորինգային զեկույցների միջոցով։

Հնարավո՞ր է արդյոք ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի մանդատն ու դաշտային օգնականների քանակը։

Սկզբունքորեն հնարավոր է ընդլայնել իմ գրասենյակի մանդատը, սակայն դրա համար անհրաժեշտ է ԵԱՀԿ բոլոր 57 անդամ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությունը։

Ի՞նչ եք կարծում, միջազգային հանրությունը բավականաչափ ուշադրություն դարձնո՞ւմ է «սառեցված հակամարտություններին»։

Կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չխամրի այլ տեղերում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնի վրա։ Գործող նախագահն ու համանախագահները, ինչպես նաեւ Մինսկի խմբի բոլոր անդամ երկրների արտգործնախարարները շարունակում են զբաղվել այս խնդրով եւ անում են հնարավորը հակամարտության խաղաղ լուծմանն աջակցելու համար։ 2014թ. ընթացքում համանախագահող երկրների բարձրագույն մակարդակով 3 հանդիպում էր կազմակերպվել, եւ ամեն գործող նախագահ պարբերաբար այցելում է տարածաշրջան այդ գործընթացին աջակցելու համար։ Այնուհանդերձ, վերջին հաշվով խաղաղության համաձայնության բովանդակության համաձայնեցումը ընկած է հակամարտող կողմերի վրա, եւ ԵԱՀԿ կառույցները գործում են կողմերին աջակցելու համար։ Համանախագահները մշտապես աշխատում են կողմերին գաղափարներ ներկայացնել՝ կարգավորման գործընթացը առաջ տանելու նպատակով ։ Իմ գրասենյակը լայնորեն պաշտպանում է այդ գործունեությունը, որի նպատակն է գործընթացի առաջխաղացումը եւ լարվածության թուլացումը։

Պարոն դեսպան, Դուք Ձեր կյանքի մեծ մասը անցկացրել եք Հարավային Կովկասում. Ի՞նչ հիշողություններ ու զգացմունքներ են Ձեզ կապում տարածաշրջանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ:

Ես ինձ արտոնյալ եմ զգում, քանի որ տարածաշրջանում ամենուր շրջապատված եմ եղել հյուրընկալությամբ, ոչ միայն Հայաստանում ու Ադրբեջանում, այլեւ Վրաստանում, որտեղ գտնվում է իմ կենտրոնական գրասենյակը: Իմ դերը ինձ թույլ է տվել հանդիպել, խոսել ու աշխատել տարբեր սերունդներ ներկայացնող տղամարդկանց ու կանանց հետ ողջ տարածաշրջանում: Նրանցից ոմանք ակտիվ հասարակական գործիչներ են, մյուսները՝ ուղղակի անհատներ: Նրանցից շատերի կյանքի վրա ազդեցություն են ունեցել հակամարտություններն ու դրանց հետեւանքները: Ես հավատացած եմ, որ մարդիկ այս տարածաշրջանում արժանի են ապրելու խաղաղության մեջ եւ անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ տարածաշրջանն ամբողջությամբ կարող է իրացնել իր տնտեսական ու սոցիալական ներուժը: Շատ մարդիկ, որոնց ես հանդիպել եմ, ոչ միայն երազում են խաղաղության ու հաշտության մասին, այլեւ ակտիվորեն աշխատում են դրան հասնելու համար: Ես նրանց հաջողություն եմ ցանկանում եւ հույս ունեմ, որ մենք կկարողանանք միասին աշխատել մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար:

Զրուցեց Մարիամ Լեւինան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ