News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանի բերման ենթարկվելու եւ կալանավորվելու մասին Հատուկ քննչական ծառայությունը պետք է պարզաբանումներ տա եւ կտա, որպեսզի պարզվի, թե ինչ հիմքով է 74-ամյա կնոջ հանդեպ կիրառվում խափանման միջոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ այս պահին իրեն բացարձակապես այլ բան է հետաքրքրում, առայժմ ձեռնպահ կմնա գործի իրավական մասին անդրադառնալուց: «Ինձ այժմ մտահոգում է միայն տիկին Ենոքյանի առողջական վիճակը, զրուցել եմ երկար նրա հետ, մտել եմ ՁՊՀ, ինքը ունի իր վարկածը տեղի ունեցածի վերաբերյալ, որը ես հիմա իրավասու չեմ հրապարակելու: Տիկին Ենոքյանը գտնվում է առողջական շատ մտահոգիչ վիճակում, ունի բարձր ճնշում, շատ այլ առողջական լուրջ խնդիր, ուղղակիորեն անթույլատրելի եւ անընդունելի է այդպիսի առողջական պրոբլեմով նրան պահել նախնական կալանքի վայրում: Կարծում եմ՝ րոպե առաջ տիկին Ենոքյանի խափանման միջոցը պետք է փոխել: Վաղ առավոտից մենք պատգամավորներով ձեռնամուխ կլինենք այդ խնդրի կապակցությամբ ստորագրություն հավաքելով կամ դիմելով պատկան մարմիններին, որպեսզի տիկին Ենոքյանի խափանման միջոցը փոխվի»,-ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ տիկին Ենոքյանի առողջական վիճակը բավականին բարդ է:

Մեր տեղեկություններով՝ Գոհար Ենոքյանին ձերբակալել են Հատուկ քննչական ծառայությունում տեւական ժամանակ քնվող մի գործի շրջանակներում, որը կապված է նախկին պատգամավորի եղբորորդու հետ: Գործում շոշափվում է նաեւ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Յուվեցի Կարոյի անունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 4-ին ոստիկանություն բերման է ենթարկվել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար Գոհար Ենոքյանը։

Նշենք, որ Գոհար Ենոքյանը 1997-2007թթ. Եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն, իսկ 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Տպել
Ամենաշատ