News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Զաքարյանների 4 հոգանոց ընտանիքը, որն արդեն երկու տարի բնակվում է Երևանում գտնվող փոքրիկ վագոն-տնակում, Հայաստանի իշխանություններին խնդրում է թույլ տալ իրենց տնակն ապահովել էլեկտրականությամբ եւ ջրով: NEWS.am-ի հետ զրույցում ընտանիքի մայրը` 50-ամյա Ռուզաննա Զաքարյանը, պատմեց, որ Արցախի փողոցի վերջնամասում՝ (ՏԷՑ-ի կրուգ) ցուրտ ու անհարմար տնակում  էլեկտրաէներգիայի ու ջրի բացակայությունն ավելի է բարդացնում իրենց` առանց այն էլ դժվար կյանքը: Ըստ Ռուզաննայի, քանի որ իրենք սեփականության իրավունքի վկայական չունեն, «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ու «Երևան ջուրը» թույլ չեն տվել տնակն ապահովել էլեկտրաէներգիայով և ջրով:

Ռուզաննայի խոսքով` ընտանիքն ապրել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի նախկին շենքում, որը վթարային շենք է եղել և  ստիպված են եղել տեղափոխվել: Ընտանիքը գրանցված չի եղել այդ հասցեում, այդ պատճառով էլ  շենքի փլուզումից հետո պետությունը նրանց բնակարանով չի ապահովել, արդյունքում հայտնվել են դրսում: Զաքարյաններն ստիպված են եղել վարձով ապրել, սակայն ի վիճակի չլինելով վճարել  տան վարձը, ի վերջո,  հայտնվել են վագոն-տնակում. «Տնակում ապրում ենք ես, տղաս, հղի հարսս ու 9 ամսական թոռնիկս: Անտեսելով մեր բոլոր դժվարությունները` մեր միակ երազանքն է  դարձել  էլեկտրաէներգիա և ջուր ունենալը: Հղի հարսս այդ վիճակում ստիպված է հարևաններից դույլով ջուր բերել` երեխային լողացնելու ու լվացք անելու համար»,-ասում է Ռուզաննան:

Զաքարյանների հարսը` 20-ամյա Ռոզա Ադամյանը, երկու տարի առաջ է հարս եկել այս ընտանիք: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ տնակի անհարմար  պայմաններում շատ դժվար է 9 ամսական Ռոբերտին խնամելն ու մեծացնելը: Նա պատմեց, որ ընտանիքում ոչ ոք չի աշխատում, նրա 32-ամյա ամուսինը` Ալբերտ Զաքարյանը, անաշխատունակ է, իսկ սկեսուրը առողջական խնդիրներ ունի.  արդյունքում իրենք ծայրահեղ վիճակում են հայտնվել և ակնկալում են Հայաստանի իշխանությունների ու բարի մարդկանց աջակցությունը.

«Ամուսինս ու սկեսուրս չեն կարողանում աշխատել, ես էլ հղի եմ, արդյունքում մնացել ենք օրվա հացի կարոտ: Սոցիալապես անապահով ենք, չենք կարողանում անգամ երեխայիս օրվա ընթացքում նորմալ կերակրել»,-ասում է Ռոզան:

Զաքարյանների զբաղեցրած տնակի պատերն ամբողջությամբ ծակծկված են, հատակը՝ փտած, գիշերը գրեթե անհնար է քնել անտանելի ցրտի պատճառով, ընտանիքը  նաեւ երազում է գոնե մի քիչ վերանորոգել տնակը, որպեսզի փոքրիկ Ռոբերտը չմրսի. «Այնքան անմխիթար վիճակում է, որ այս տաք օրերին, ստիպված գնում ցախ ենք հավաքում, որ վառարանը վառենք, վախենում եմ փոքրիկիս առողջության համար, մի քանի ամսից էլ մյուսը կծնվի, չգիտեմ՝ թե ինչ ենք անելու»:

Տպել
Ամենաշատ