News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում մայիսի 6-ին այցելել է Հոլոքոստի թանգարան։

Նա գրառում է արել հյուրագրքում. «Խորապես ազդված եմ տեսածից: Սա մի վայր է, որն իր պատերի ներքո ամփոփում է խորը թախիծ եւ միաժամանակ հույսի մեծ շող՝ շեշտադրելով անցյալին առերեսվելու առավելությունն ընդդեմ անցյալի ժխտման եւ քողարկման: Սա մի անգնահատելի ներդրում է՝ որպես ապահով ապագայի լուռ, բայց խոսուն երաշխավոր:

Մարդկության դեմ իրագործված ոճիրներին նվիրված թանգարանները, ինչպիսիք են Հոլոքոստին նվիրված այս հուշահամալիր-թանգարանը, Երեւանում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ոչ միայն զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու համար են, ոչ միայն վերապրածների հիշողությունների խտացված ամփոփումներն են, այլ նաեւ հստակ ուղերձ են ներկա եւ ապագա սերունդներին, որպեսզի միշտ վառ պահեն անցյալի դառը հիշողությունները՝ դրանցից դասեր քաղելու եւ դրանք սերնդեսերունդ փոխանցելու համար»

Սերժ Սարգսյանը ծանոթացել է թանգարանի ցուցանմուշներին, հարգանքի տուրք մատուցել հավերժ կրակի մոտ։

Նշենք, որ երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է սենատորների, նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ