News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Համշենահայ Մահիր Օզքանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ համշենցիների տեսակետներն է ներկայացրել, րը ներկայացնում ենք Akunq.net-ի թարգմանությամբ։

Էթնիկ ինքնությունները բազմաշերտ են: Այդ բազմաշերտության պատճառն այն է, որ ինքնությունը կազմավորող բազմաթիվ փոփոխականներ կան, և որ այդ փոփոխականները տարբեր մակարդակներում են փոխադարձություն գտնում իրենց որևէ էթնիկ ինքնությամբ բնորոշող մարդկանց մեջ: Այդ պատճառով որևէ էթնիկ ինքնության ընդհանուր առանձնահատկություններից` ժամանակ առ ժամանակ որոշիչը հանդիսացող մի առանձնահատկություն չկրող որևէ անհատ անգամ կարողանում է իրեն բնորոշել ինքնության մյուս առանձնահատկություններով: Էթնիկ ինքնության որոշիչ տարրը տարբերվում է` ըստ պատմական դարաշրջանների, էթնիկ խմբի առանձնահատկությունների, աշխարհագրության և բազմաթիվ այլ փոփոխականների: Այդ փոփոխականները կարելի է թվարկել որպես այնպիսի մշակութային տարրեր, ինչպիսիք են` լեզուն, ենթադրելի կամ իրական ցեղային կապը, կրոնը, ընդհանուր տարածքին պատկանելու զգացումը, սովորույթներն ու ավանդույթները, արժեքային համակարգը:

Այն ժամանակաշրջանում, երբ տեղի էր ունենում Հայոց ցեղասպանությունը, համշենցիները կրոնական տեսանկյունից ապրում էին որպես երկու առանձին հանրություն` մահմեդական համշենցիներ և քրիստոնյա համշենցիներ: Այդ տարբերությունը որոշիչ է եղել այդ երկու խմբի` Հայոց ցեղասպանության գործընթացում գտնված դրության առումով: Տվյալ ժամանակաշրջանում կրոնական տարրն ընդունվել է որպես ամենակարևոր գործոն: Կարելի է ասել, որ Ցեղասպանության ժամանակ և Թուրքիայի Հանարպետության հիմնվելու ընթացքում բոլոր էթնիկ ինքնությունները հիմնականում գործել են` իրենց կրոնական ինքնության համաձայն: Ավելի ճիշտ, կարելի է ասել, որ թուրքական ազգայնական շարժումը կարողացել է այնպես անել, որ բոլոր մուսուլման ժողովուրդները շարժվեն` իրենց կարիքների շրջանակներում: Կարող ենք արձանագրել, որ այդ վիճակը հանգեցրել է նրան, որ չնայած քրիստոնյա համշենցիները մյուս հայերի հետ կիսել են նույն ճակատագիրը, սակայն մահմեդական համշենցիների կացությունը շատ ավելի բարդ է եղել:

Ի՞նչ է պատահել քրիստոնյա համշենցիներին
Շատ բան կարելի է գրել այն մասին, թե ինչեր են եկել քրիստոնյա համշենցիների գլխին: Սակայն սույն հոդվածի հիմնախնդիրը դա չէ: Եթե կարճ կապենք, ապա կարող ենք արձանագրել, որ քրիստոնյա համշենցիները կիսել են այն ճակատագիրը, որը Ցեղասպանության ժամանակ բաժին էր ընկել ամբողջ Թուրքիայի հայերին: Մինչև 1915-ը Համշենից դեպի արևմուտք` Սամսուն, տարածված քրիստոնյա համշենցիները եւս ենթարկվել են կոտորածների: Ողջ մնացածների մեծ մասն անցել է Սև ծովի մյուս ափ: Ներկայում նրանք իրենց գոյությունը պահպանում են Ռուսաստանի այնպիսի քաղաքներում, որպիսիք են` Սոչին, Կրասնոդարը, Վորոնեժը, Ռոստովը, ինչպես նաև` Աբխազիայի Սուխում և Գագրա քաղաքները:

Մահմեդական համշենցիներ` թե՛ դահիճ, թե՛ զոհ
Հարկ է ընդունել, որ Հայոց ցեղասպանությունը բեկում մտցնող ամենակարևոր դեպքն է եղել` մուսուլման համշենցիների ինքնաընկալման առումով: Ցեղասպանությունը պատճառ է դարձել, որ մուսուլմանացած համշենցիները ձգտեն խզել իրենց կապերը ոչ մուսուլման համշենցիների և հետևապես` հայության հետ: Կարելի է ենթադրել, որ համշենցիների մեջ տարածված` հայկական ծագման ժխտումը և կամավոր ուծացման հակումը մեծամասամբ զարգացել է Ցեղասպանությունից հետո ընկած ժամանակաշրջանում: Հանրապետական շրջանի ասիմիլացիոն քաղաքականությունն է՛լ ավելի է ազդել այդ դրության վրա:
Ցեղասպանության ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության` կրոնի վրա հիմնված միլլեթների համակարգը դեռևս շարունակում էր իր ազդեցությունը պահպանել: Հետևաբար, բոլոր մահմեդական ոչ թուրք ժողովուրդները հիմնականում իրենց համարում էին մեկ միլլեթ կամ ումմա: Մուսուլման համշենցիները նույնպես ըստ այդմ են որոշել, թե որ դասին են պատկանում: Սակայն այն փաստը, որ նրանց ինքնությունն առնչվում է հայկական ինքնությանը, բարդացրել է այդ ընտրության հետևանքները: Հայկական ինքնության նկատմամբ թշնամական դիրք բռնելը, համշենցիների` կրոնական ինքնության պատճառով հայերի դեմ դուրս գալը պատճառ է դարձել, որ նրանք զգայուն դառնան իրենց հայկական անցյալի վերաբերյալ քննարկումների հանդեպ: Այն, որ ներկայում համշենցիները, Թուրքիայի սևծովյան շրջանում ապրող մյուս ժողովուրդների հետ համեմատած, համեմատաբար ավելի դժվար են ընդգրկվում սեփական ինքնության մասին քննարկումների մեջ, առավելապես պայմանավորված է այն ավերով, որ նրանց ինքնության հարցում գործել է Ցեղասպանությունը:

Իրենց, որպես մուսուլման, Ցեղասպանության իրագործողների մեջ տեսնող համշենցիները զոհի կարգավիճակում են հետևյալ առումներով. այդ դեպքերը ստիպել են, որ նրանք խզեն իրենց կապը հայկական ինքնության հետ և ժխտեն այն: Նման զոհ լինելն ի հայտ է գալիս զանազան վախերի, հակասականությունների և հարձակողական դիրքի միջոցով: Այդ դրությունը նկատելու համար բավարար կլինի, եթե հայացք գցենք համշենական լեզվի և ինքնության վերաբերյալ ուսումնասիրությունների ավելացմանը զուգահեռ` վերջին շրջանում սոցիալական ցանցերում շատացած` ինքնության վերաբերյալ քննարկումներին:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում Հ.Հ. անվամբ մի պրոֆիլ, ձգտելով ապացուցել, որ համշենցիները հայ չեն, գրում է.
«Մի շատ հին գրքում գրված է, որ Խոպայի համշենցիները զուլում են արել հայերի գլխին: Նույնիսկ ես էի նախկինում նման բաներ լսում մեր մեծերից: Համշենցի ավազակները շատ բան են քաշել տվել հայերին: Նրանք կարծես թե մեր պատճառով են փախել… Մենք գլուխ չենք գովում այդ զուլումի համար: Իրական անբարոյականությունն այն է, որ այս տարածքներում ապրող ժողովուրդներին միմյանց հանդեպ թշնամացնելով` ապահովել են, որ նրանք տարիներ շարունակ հետ մնան այդ թշնամության պատճառով… Համշենական լեզու գոյություն ունի՞: Այո՛, դա ասում եմ չիմացողների համար, առաջին անգամ համշեներենով խոսք լսողների համար: ՀԱՄՇԵՆԱԿԱՆ ԼԵԶՈՒ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ: Այդ լեզուն հնարավոր չէ ո՛չ հայերենով բնորոշել, ո՛չ էլ` մեկ այլ բանով: Ես գիտեմ համշեներեն. չեմ կարող դա ժխտել: Այդ լեզուն սովորել եմ` հայերի հետ միասին ապրելու պատճառով»:

Ինչպես տեսնում ենք, այստեղ բերված հիմնական փաստարկը հետևյալն է` «Եթե հայ ենք, ապա ինչու՞ ենք զուլում արել հայերի գլխին»: Երբ նկատի ենք առնում, որ նման խոսքեր ասողները, ընդհանուր առմամբ, քաղաքական հակվածությամբ թուրք ազգայնականներ են լինում, իրավիճակն ավելի ուշագրավ է դառնում: Սովորաբար Հայոց ցեղասպանությունը մերժող այդ անձինք, երբ խնդիրը իրենց հայ լինելը մերժելն է լինում, որպես ապացույց բերում են այն, որ համշենցիները զուլում են արել հայերի նկատմամբ: Այսինքն, երբ հարցը հայ նախահայրերին տեր կանգնելուն է հասնում, հայերի հանդեպ զուլում անելու փաստը նախընտրում են: Իսկ այն իրողությունը, որն անտեսում են, հետևյալն է. իրենց պապերը երբ անում էին այդ զուլումը, վարվում էին` ելնելով ոչ թե իրենց հայկական, այլ մահմեդական ինքնությունից, քանի որ հայկական ինքնությունը համարժեք էին համարում քրիստոնյա ինքնությանը և դեմ-հանդիման դնում մուսուլմանական ինքնությանը:
Վերևում բերված պնդումը միակը չէ: Այլ օրինակներ էլ կան, որոնցից մեկը Մակարօղլու Հեմդի անվամբ մի հովիվ լսել է իր վրանում հյուրընկալված մի համշենցի ավազակից, և որը իմ հայրն է փոխանցել ինձ (1): Այդ պատմությունը ներկայացնում է, թե Ճորոխի ճանապարհով դեպի Բաթում գնալ փորձող հայկական քարավաններն ինչպես են կողոպտվել և սպանվել: Նմանատիպ մեկ այլ պատմություն իր ֆեյսբուքյան էջում ներկայացնում է իր թուրք ազգայնական լինելը բացահայտ ասող Ա.ՈՒ.-ն.
«Ես անձամբ գիտեմ մեր ազգուտակի` գրեթե 4-5 սերունդ առաջվա ներկայացուցիչներին, որոնք բոլորն էլ կրել են թուրքական և մուսուլմանական անուններ: Իմ հոր հորեղբայր Ալին զինվորական ծառայության ժամանակ զոհվել է Վանում` հայ ահաբեկիչների կողմից: Դարձյալ ես ինքս անձամբ լսել եմ պապիկիցս, որը վախճանվել է 100 տարին լրացնելուց հետո (Ալլահը լուսավորի նրա հոգին), թե Արդվինում բնակվող հայերը մակույկներով փախչելիս ինչպես են խեղվել Ճորոխի ջրերում: Դրանք ամենայն հավանականությամբ ահաբեկչական խմբեր են եղել: Պապս հպարտությամբ էր պատմում, թե ինչպես է նրանց գետը թափել: Եվ այլ բազմաթիվ հուշեր…»:
Արդվինում ապրող հայերը թե՛ մակույկով փախչում են և թե՛ ահաբեկիչ են: Նրա պապը որեւէ բան չի ասել, որ նրանք ահաբեկիչ են եղել: Նա ինքն է այդ եզրակացությանը հանգում: Քանզի պապը չի քննարկում Ցեղասպանությունը: Երբ սկսվում է Ցեղասպանության քննարկումը, ամեն բան խառնվում է: Առանց ասելու, որ «Հայերի նկատմամբ ցեղասպանություն ենք արել», ինչպե՞ս կարող է ասել, որ «Մենք իրականում հայ չենք և դեմ ենք նրանց»: Հենց այս մտահոգությունն է ստիպում, որ նման բաներ գրի: Արդեն իսկ նորմալ է, որ նրա` 4-5 սերունդ առաջվա նախնիները մուսուլման են եղել: Համշենցիների մահմեդականացման գործընթացը հասնում է մինչև 1600-ական թվականներ: Սակայն այս ֆեյսբուքյան պրոֆիլը ներկայացնող անձը նախընտրում է 4-5 սերունդ առաջվա նախնիների մահմեդական լինելը համարել հայկական ծագում չունենալու փաստարկ: Նորից հակասություններ, նորից իրարամերժություններ:

Իսկ Շ.Ա. անվամբ պրոֆիլի գրածները կարծես բացահայտում են նրա` համշենցիների պատմության և ինքնության հանդեպ ժխտողական կեցվածքը, պատմական ճշմարտությունների հետ ոչ մի կապ չունենալը, լրիվ հակառակը` քաղաքական նախապատվությունների համաձայն պատմություն հորինելը.
«Ընկերներ, մենք գիտակից տարիքի հասած մարդիկ ենք: Մեզ համար առանձնապես էական չէ, որ մեզ հայ են ասում, կամ որ մենք հայ դյոնմեներ ենք: Քանզի ժամանակակից սոցիոլոգիան մարդկանց սահմանում է` ոչ թե ըստ նրանց ծագման, այլ` պատկանելիության զգացման: Մեր հետագա սերունդն են դժվարություն ունենալու: Մեր երեխաներին խաբում են այդ գաղափարով, ջնջում նրանց ինքնությունը: Հազարամյակներ շարունակ համատեղ ապրած, ուրախության և տխրության մեջ միավորված մեր ազգը պառակտում են` ըստ էթնիկ տարբերությունների: Անկախ մեր ծագումից` հարկ է, որ միավորվենք` այս երկրի անքակտելի ամբողջականության հիմքով»:
Այստեղ մասամբ ընդունվում է հայկական ծագումը: Ասվում է` էական չէ, որ մեր արմատները հայկական են, մենք այլևս թուրք ազգի մի մասն ենք: Պետք է նշել, որ այդ մտայնությունը կիսում են համշենցիների մի պատկառելի հատվածը: Համշենցիների մի մասն իրեն ընդունում է ոչ միայն որպես մահմեդական, այլ նաև` թուրք: Սակայն խնդիրը հետևյալն է. այսօր նման տեսանկյունից առաջ շարժվելով` նրանք իրավունք ունե՞ն արդյոք պատմությունը խեղաթյուրել` իրենց ներկայիս ինքնությանը համաձայն: Իրենց համար առանձնապես էական չեղող «հայ դյոնմե» լինելու փաստն ինչու՞ են կարիք զգում թաքցնել իրենց երեխաներից:

Վերոնշյալ հարցի պատասխանի վերաբերյալ հուշումներ պարունակող մի միտք է կիսել Թ.Ա. անվամբ մի ֆեյսբուքյան պրոֆիլ, որը մի կողմից Համշենցիների ծառայության հիմնադրամին բողոքում է համշենական մշակույթի ուսումնասիրմամբ և պահպանմամբ զբաղվող ՀԱՏԻԿ-ից, մյուս կողմից էլ` սպառնում վերջինիս.
«Այս հիմնադրամում գտնվող համշենցի ընկերներ և բարեկամներ, ես գնահատում եմ ձեզ, սակայն արդյո՞ք գիտակցում եք, որ համշենցիները կանգնած են մի շատ մեծ խնդրի առջև: Մի հայացք գցեք ՀԱՏԻԿ-ի էջին: Նեղություն կրեք և ընթերցեք պարոն Մահիր Օզքանի հոդվածը և դրա տակ եղած մեկնաբանությունները: Չե՞ք կարողանում նկատել, թե դրանք ինչ տեսակ գլխացավանք են բերելու Խոպայի Համշենին: Այս կայքում գտնվող հարգելի գործարարներ, կարծում եք, թե նման կեցվածքը վաղը ձեր դեմ չի՞ դուրս գալու, մեր զավակներն այդ խնդրի պատճառով վնաս չե՞ն կրելու: Թերևս կասեք, թե մեզ ի՞նչ ՀԱՏԻԿ-ը: Իսկ ես ասում եմ, որ ՀԱՏԻԿ-ի ղեկավարությունը ձեզ հետ միասին է: Ես պահանջում եմ, որ լռեցվի այդ կայքը կամ մտածում, որ հարկ է, որպեսզի որևէ մեկը քաշի այդ կայքի ականջը: Առաջիկայում ի հայտ գալիք ամեն տեսակի բացասական բաների համար բոլորդ եք պատասխանատու: Իմ նպատակն է ձեզ ցույց տալ այդ զգայուն կետը: Համոզված եմ, որ դա է մեր առաջնային խնդիրը, և պետք է շտապենք…»:
Համշենցիների ինքնությանը և մշակույթին ուղղված աշխատանքները ինչու՞ պիտի փորձանք բերեն Խոպայի Համշենին: Անկասկած, այն բանի համար, որ այդ աշխատանքները կարող են բացահայտել հայկական ինքնության և համշենական ինքնության միջև եղած կապը: Քանի որ հայկական ինքնությունը դեռ «խնդրահարույց» է համարվում, նշվում է, որ այն փորձանք կբերի Խոպայի Համշենին: Գործարարներին հղված խոսքն ուղղակիորեն սպառնալիք է պարունակում` ուղղված տնտեսական շահերին: «Մեր զավակները վնաս կկրեն» արտահայտությունը ևս կիրառվում է: Իսկ « Ես պահանջում եմ, որ լռեցվի ՀԱՏԻԿ-ը կամ մտածում, որ հարկ է, որպեսզի որևէ մեկը քաշի նրա ականջը» միտքը նշանակում է, որ պահանջվում է վերագործարկել այս հասարակության` տարիներ շարունակ կիրառած ինքնագրաքննությունը:

Որպեսզի հասկանանք, թե ինչու են դեռ շարունակվում նման վախերն ու մտահոգությունները, ինչու է համշենցիների մի պատկառելի հատված համառորեն խուսափում այդ քննարկումներից և ինչու են հակված մերժել իրենց հայկական արմատները, հարկ է մի քանի օրինակ բերել` առ այն, թե սոցիալական ցանցերում ինչպես են ընկալվում համշենցիները: Ուրիշները ևս գիտակցում են նրանց հայկական ծագումը, արմատներ, որ իրենք, գիտակցելով հանդերձ, ժխտում են: Գիտակցողները եթե անգամ այն դեպքում, երբ գործերը լավ են ընթանում, չեն խոսում այդ մասին, ապա երբ դրանք մի քիչ խառնվում են, անմիջապես հիշեցնում են, որ համշենցիները հայկական ծագում ունեն: Դրա լավագույն օրինակներից են Հումանիտար օգնության հիմնադրամի` IHH-ի ֆեյսբուքյան էջում 2014 թ. հուլիսի 15-ին Խոպայում Ռամադանի երեկոյան ծոմից հետո դրվող իֆթարի սեղան գցելու ընթացքում տեղի ունեցած ընդհարումներից հետո արված մեկնաբանությունները.
Ջ.Գ. անվամբ մի ֆեյսբուքյան պրոֆիլ գրել է` «Մեր միջի իսրայելցիները…», Ջ.Հ.-ն` «Հայերին օգնելու հարկ չկա. դրսից են եկել, Թուրքիայում ապաստանել, հիմա էլ խառնակչություն են անում երկրեսանիները»: Ք.Ս.-ն գրել է. «Մի վրդովվե՛ք, ընկերներ, դա հայկական օջախ է. նորմալ է»: Իսկ Յ.Թ.Ք.-ն արել է հետևյալ մեկնաբանությունը. «Կոմունիստ գյավուր շներ»:

Առերեսվի՛ր Ցեղասպանության հետ: Առերեսվի՛ր մուսուլմանության հետ
Եզրակացնելով կարելի է արձնագրել, որ Հայոց ցեղասպանությունը և նրա ժխտումը, Թուրքիայում հայ լինելը դեռևս հայհոյանքի և ստորացման թեմա լինելու փաստը շարունակում է ստվերել նաև համշենցիների` սեփական ինքնության վերաբերյալ քննարկումները: Համշենցիներն, առանց երկկողմանի կերպով առերեսվելու Հայոց ցեղասպանության հետ, չեն կարող ազատորեն ուսումնասիրել, քննարկել իրենց ինքնությունը, կապ հաստատել սեփական պատմության հետ: Այդ առերեսման մի կողմն էլ վերաբերում է այն փաստին, որ նրանք իրենց մահմեդական ինքնության հետևանքով կազմել են Ցեղասպանության հանցագործ ինքնության մի մասը: Այս հարցին առերեսումը զուգահեռ կերպով կշարունակվի սույն խնդրին Թուրքիայի ընդհանուր առերեսման հետ: Իսկ երկրորդ կողմը պետք է լինի Հայոց ցեղասպանության հարուցած հոգեբանական բեռից ազատվելը և առերեսվելը այն փաստի հետ, որ կրոնական տարբերությունը չի պարտադրում պատմական ու մշակութային կապերի ժխտում: Այդ առերեսումը շատ ավելի կարևոր է թվում` համշենական ինքնության տեսանկյունից:

Այդ առերեսումներին զուգահեռ մեկ այլ առերեսում պետք է լինի հայերի` մահմեդական համշենցիների գոյության փաստի հետ առերեսվելը: Հայկական ինքնությւոնը քրիստոնեության հետ հավասարեցնող ընկալումները ոչ մի բանի չեն ծառայի, քան վերոհիշյալ համշենական հասարակության ունեցած տրավման էլ ավելի խորացնելուն: Հայկական ինքնության բազմակիացումը կնպաստի, որ համշենցիներն մուսուլման ինքնությամբ պահպանեն իրենց լեզուն, պատմությունը և մշակույթը:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ