Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողներ Էդգար Մարտիրոսյանն ու Գոռ Դարմանյանը դուրս են գրվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ զինծառայողների ինքնազգացողությունն արդեն լավ է:
Նշենք, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Գոռ Դարմանյանը տեղափոխվելու է վերականգնողական կենտրոն:
Հիշեցնենք, որ Էդգար Մարտիրոսյանը որովայնի թափանցող հրազենային վիրավորում ուներ հաստ եւ բարակ աղիների վնասումով, իսկ Գոռ Դարմանյանի մոտ առկա էր ոտքի ամպուտացիա:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015թ. մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել է: