News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում այսօր՝ մայիսի 22-ին, բացվեց դիվերսիայի հետեւանքով զոհված զինծառայող Արմեն Հովհաննիսյանի կիսանդրին եւ նրա անվան դասարան: Բացմանը ներկա էին Արմենի հարազատները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Դասարանի բացումից հետո հյուրերը ներկա գտնվեցին նաեւ դպրոցի 9-րդ դասարանցիների վերջին դասին:

«Մենք ունեցանք Մոնթե, Գոռ, Արմեններ, Հրաչյա, եւ բոլորն այսօր այս դպրոցում նրանց անուններն են հնչեցնում, որովհետեւ նրանց անուններով կարող ենք կերտել մեր ապագան:  Նրանք հանգչել են Եռաբլուրում, սակայն նրանք փարոս են մի մեծ սարի գագաթին, որին դեռ հասնել է պետք ամենօրյա աշխատանքի շնորհիվ, լավ սովորելով»,- դիմելով ներկաներին ասաց պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով՝ այսօր տեղի ունեցած արիության դասը, ինչպես նաեւ Արմեն Հովհաննիսյանի կիսանդրին պետք է աշակերտներին ուղղորդի դեպի հերոսություն:

Նշենք, որ Սեյրան Օհանյանը պարգեւատրեց դպրոցի տնօրենին, իսկ շրջանավարտ 3 զինծառայողների արձակուրդ տվեց:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։ Մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը: ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։ Հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արմենին հետմահու պարգեւատրել է առաջին աստիճանի մեդալով:

Տպել
Ամենաշատ