News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի հեռավոր գյուղերում պարենամթերք արտադրողներն արդեն կապեր են հաստատել Երեւանի խոշորագույն հյուրանոցների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց EV Consulting ընկերության մարկետինգային խորհրդատվության բաժնի ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը, ով ընկերության կազմում մասնակցել է «3 Generations» բրենդի եւ ռազմավարության մշակմանը:

«3 Generations»-ն աջակցում է Հայաստանի մարզերի փոքր արտադրողներին՝ փորձելով նրանց ուղղել ոչ մեծ, բայց շահութաբեր շուկաներ: Միաժամանակ, չպետք է զիջումներ լինեն որակի պարագայում: «Թեկուզ եւ գյուղում, բայց պետք է նորմալ որակ ապահովվի: Իսկ արտադրության կազմակերպողները պետք է մի քանի տարիների զարգացման ծրագրեր կազմեն»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Ներկայում ծրագրին երկրի տարբեր մարզերից 8 ընկերություններ են մասնակցում: Դրանցից 2-ը, որոնք զբաղվում են չրերի արտադրությամբ եւ բոված գետնանուշի փաթեթավորմամբ, արդեն աշխատում են Երեւանի 3 խոշոր հյուրանոցների հետ: Վաճառքի ծավալները համեմատաբար մեծ չեն, սակայն 2-6 անգամ ավելի թանկ են, քան սովորական մանրածախ կետերում: «Ցանկանում ենք համագործակցություն հաստատել հնարավորինս շատ հյուրանոցների եւ ռեստորանների հետ: Դա կարող է նաեւ նրանց համար շահավետ լինել՝ որպես հեռավոր շրջանների բիզնեսին աջակցության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրինակ»,- հավելեց Սեւակ Հովհաննիսյանը:

Ծրագրին մասնակցող ընկերությունները տեխնիկական աջակցություն են ստանում՝ արտադրության կազմակերպման եւ որակի չափանիշների մասին խորհրդատվության տեսքով: Իսկ նրանց համար վարկային մասը նախատեսված է Հայաստանի Փոքր եւ միջին բիզնեսի աջակցման ազգային կենտրոնում:

«3 Generations» ապրանքանիշի արտադրանքը հաջողությամբ ներկայացվել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության՝ ապրիլի 26-28-ը Երեւանում կազմակերպած «Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ