News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ մայիսի 26-ի առավոտյան, վերկացից առաջ, անակնկալ այց է կատարել երեւանյան զորամասերից մեկը:

Նպատակ ունենալով տեղում ստուգելու զինանձնակազմի առօրյա ծառայության մի քանի դրվագներ, ինչպես նաեւ ծանոթանալու զինծառայողների ֆիզիկական, մարտական եւ բարոյահոգեբանական պատրաստվածությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցի շրջանակում անձամբ հետեւել է անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզության իրականացմանը, սպորտմասսայական միջոցառումների մեթոդապես ճիշտ եւ արդյունավետ անցկացման կարգին ու ժամանակացույցին: 

Վազք, ձգումներ պտտաձողի վրա, ուժային համալիր վարժություններ. զորամասի շարահրապարակում եւ ֆիզպատրաստության հրապարակում ամեն ինչ ընթանում էր օրվա կարգացուցակի պահանջներին համապատասխան: Զինանձնակազմն ակտիվորեն զբաղված էր շարային ու ֆիզիկական պատրաստության մարզումներով, որոնք, անշուշտ, միտված են զինծառայողների՝ ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեպես կոփմանը, իսկական զինվորականի կեցվածքի ձեւավորմանը:

Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում էին նաեւ զորամասի վերակարգի՝ հերթապահների եւ օրապահների պարտականությունների իմացությունը, անձնակազմի օրակարգի կատարման ապահովման եւ հրամանատարության կողմից վերահսկման մեխանիզմները, դասացուցակների  եւ ընդհանուր առմամբ՝ ծառայության կազմակերպմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:
Անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշ թերությունները վերացնելու համար Սեյրան Օհանյանը առաջադրել է խնդիրներ եւ համապատասխան հանձնարարականներ տվել զորամասի հրամանատարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ