News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Նյու Դելիի Խաղաղության եւ հակամարտությունների լուծման կենտրոնի հրավիրված պրոֆեսոր Անատա Ինդեր Սինգհի՝ «Eurasia Review» հրապարակված հոդվածը:

Մայիսին տեղի ունեցած երկու իրադարձությունները հաստատեցին Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից ռազմավարական տեղաշարժերը: Դրանք միաժամանակ են եւ ընդգծում են նրանց կապերի ուժեղացումը, անհավասար հարաբերությունները եւ Եվրասիայում մրցակցությունը: Մայիսի 9-ին նախագահ Սի Ցզինպինը Մոսկվայում Հաղթանակի շքերթի պատվավոր հյուրն էր: Մի քանի օր անց՝ մայիսի 11-ին, Չինաստանն ու Ռուսաստանը Միջերկրական ծովում առաջին ռազմածովային վարժանքները սկսեցին, որոնք ավարտվեցին մայիսի 21-ին:

Քաղաքական եւ տնտեսական սուր պահանջմունքները Ռուսաստանին մղեցին վերականգնել Չինաստանի հետ հարաբերությունները: Էներգակիրների գների անկումը եւ արեւմտյան տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվեցին 2014 թվականի մարտին Ռուսաստանի կողմից Ղրիմն Ուկրաինայից անջատելուց հետո, դատապարտեցին այդ երկրի տնտեսությունը: Այդ պատճառով Ռուսաստանը ֆինանսական միջոցների կարիք ունի՝ իր ենթակառուցվածքները զարգացնելու համար: Այն նաեւ ցանկանում է մեծացնել զենքի վաճառքը, որպեսզի իր պաշտպանական արդյունաբերական մեքենան անխափան գործի:

Սի Ցզինպինի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց «Եվրասիայի միասնական տնտեսական տարածք» ստեղծելու մասին, որը կարող էր Չինաստանի «մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարությունը ներդաշնակեցնել Ռուսաստանի կողմից առաջ մղվող Եվրասիական տնտեսական միության հետ, որին ներկայում անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղըզստանը: Ռուսաստանում Չինաստանի ներդրումներն առանձնացնում են ռուսական տնտեսության աղետալի վիճակն ու բանակցություններում Մոսկվայի թույլ դիրքերը: Էներգետիկ ռեսուրսներից եւ օգտակար հանածոներից բացի, Ռուսաստանը քիչ բան կարող է առաջարկել Չինաստանին:

Սակայն վերջին շրջանում ռուս-չինական բարեկամության հիմքում ավելին է, քան միայն տնտեսությունը: Վերջերս Եվրոպան, Աֆրիկան եւ Մերձավոր Արեւելքը միացնող Միջերկրական ծովում անցկացված համատեղ ռազմածովային վարժանքները ցույց տվեցին նրանց ռազմական հզորությունն ու համագործակցությունը: Վերջին տարիներին Միջերկրական ծովը ռազմավարական նշանակություն է ձեռք բերել Պեկինի համար: Չինաստանի առաջընթացն ու գլոբալ հավակնություններն ուժեղացրել են այդ երկրի տնտեսական եւ ռազմավարական հետաքրքրություններն արեւմուտքում՝ Ասիայի սահմաններից դուրս, հարավային Եվրոպայի ափերին, Սեւ ծովի մուտքի մոտ, Աֆրիկայի հյուսիսում եւ Պարսից ծոցում:

Տնտեսական շահերը կարող են խթան հանդիսանալ Միջերկրական ծովում Չինաստանի ռազմական ներկայության ընդլայնման համար: Միջերկրական ծովի հանդեպ Չինաստանի հետաքրքրությունը կարող է ինչ-որ չափով արտացոլել ԱՄՆ-ին այդ երկրի դիմակայությունը: Չինաստանի նավատորմը չի կարող մարտահրավել նետել Միջերկրական ծովում Ամերիկայի առաջնային դիրքին: Սակայն Չինաստանը, որոշելով ԱՄՆ-ին մարտահրավեր նետել առանձին հատվածներում, ավելացնում է իր ռազմական ծախսերն այն ժամանակ, երբ Ամերիկան եւ ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները կրճատում են իրենց պաշտպանական բյուջեն: Այս փաստը խոսում է այն մասին, որ Չինաստանը կարող է Միջերկրական ծովում ազդեցության համար պայքարում հակառակորդի վերածվել, հատկապես՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ:

Ամեն դեպքում, ռուս-չինական համագործակցությունը չի կարող քողարկել Կենտրոնական Ասիայում տնտեսական ազդեցության համար մրցակցությունը: Ռուսաստանը, որի տնտեսությունը հուսահատ դրության մեջ է, չի կարող Կենտրոնական Ասիայի երկրներին այնպիսի առատաձեռն նվերներ եւ ներդրումներ առաջարկել, ինչպես Չինաստանը: Տրանսպորտային լավագույն հնարավորությունները կարող են Չինաստանը կապել եվրոպական շուկաներին եւ Պեկինի համար ավելի հասանելի դարձնել Ղազախստանի նավթային ռեսուրսները, Ղրղըզստանի օգտակար հանածոները եւ Թուրքմենստանում արդյունահանվող բնական գազը:

Մինչ Ռուսաստանը շարժվում է դեպի արեւելք, իսկ Չինաստանը՝ արեւմուտք, նրանց գործընկերության ամրության շուրջ հարցեր են առաջանում: «Ժամանակին գերտերություն» հանդիսացող Ռուսաստանի եւ հավակնող մեծ տերություն Չինաստանի անհավասար փոխհարաբերությունները քողարկում են նրանց մրցակցությունը. Ռուսաստանն ու Չինաստանն արդեն Եվրասիայում տարվող նոր մեծ խաղի խաղացողներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ