News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փարիզում հունիսի 9-10–ին տեղի է ունենալու ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի նիստ, որի ժամանակ կքննարկվի  5 երկրների դատավորների ընտրության հարցերը, այդ թվում՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ դեռ ծանոթ չէ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության փորձագետների խորհրդատվական խմբի եզրակացությանը, դա գաղտնի փաստաթուղթ է եւ դրան կծանոթանա միայն հանձնաժողովի նիստի օրը:

«Ըստ ընթացակարգի՝ հանձնաժողովը հարցազրույց է անցկացնում երկրի կողմից ներկայացված երեք թեկնածուների հետ, այնուհետեւ գաղտնի քվեարկությամբ որոշում է՝  ում թեկնածությունը երաշխավորել խորհրդարանական վեհաժողովին: Երեք թեկնածուներն էլ ներկայացվում են Խորհրդարանական վեհաժողովի քննարկմանը, տեղի է ունենում քվեարկություն: Հունիսի 22-26-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ լիագումար նիստում էլ Վեհաժողովի պատվիրակները կընտրեն ՄԻԵԴ–ում ՀՀ դատավորին»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հանձնաժողովի երաշխավորությունը սկզբունքորեն ուղեցույց է ԵԽԽՎ-ում պատգամավորների համար՝ ում օգտին քվեարկել եւ պրակտիկան ցույց է տալիս, որ գրեթե առանց բացառության ում երաշխավորում են, նա էլ ընտրվում է:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջին անգամ կազմակերպված մրցույթի արդյունքում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ներկայացված ցուցակի վերաբերյալ ԵԽԽՎ-ից բացասական եզրակացություն ստանալու պատճառով Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները: Հայտարարվել էր նոր մրցույթ, որի արդյունքներով հաղթող են ճանաչվել Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ