Երեւանի Մովսես Խորենացի փողոցի թիվ 25 շենքի տանիք բարձրացած ամուսիններ Եղիշե Գեւորգյանին ու Ռուզաննա Մարդանյանին համոզել են ինքնասպանություն չգործել, նրանց համոզել են եւ իջեցրել ներքեւ: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Բանակցությունները տեւել են մոտ 1-2 ժամ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Մովսես Խորենացի փողոցի թիվ 25 շենքի տանիք են բարձրացել ամուսիններ Եղիշե Գեւորգյանն ու Ռուզաննա Մարդանյանը, որոնք սպառնում են ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 11 հարկանի շենքից: Մեր տեղեկություններով՝ ընտանիքում ունեն երեք անչափահաս երեխա, իսկ ամուսինները ցանկանում են ինքնասպանության գործել, քանի որ գույքային խնդիրներ ունեն պետության հետ:
Հիշեցնենք, որ Գեւորգյանների ընտանիքը՝ իրենց 3 անչափահաս երեխաների հետ միասին, հատել էին հայ-ադրբեջանական սահմանը եւ հայտնվել Նախիջեւանի տարածքում: Ընտանիքը Հայաստան է վերադարձվել 2014-ի դեկտեմբերի 12-ին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:
ԱԱԾ քննչական վարչության վարույթում էր գտնվում Ադրբեջանից Հայաստան վերադարձված Գեւորգյանների վերաբերյալ` ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը) հարուցված քրեական գործը, որի շրջանակներում ամուսիններն անցնում էին որպես մեղադրյալ: