News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանը խորապես մտահոգված է Սիրիայում շարունակվող բախումներով: Այս մասին մայիսի 26-ին, Դամասկոսում, Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով Սիրիա այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը խորապես մտահոգված է Սիրիայում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետեւանքով բազմաթիվ զոհերով եւ արհավիրքներով։

Սիրիայում ճգնաժամի կարգավորման եւ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի քննարկման համատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ճգնաժամի հաղթահարումը, խաղաղության հաստատումը հնարավոր են բռնությունների դադարեցման, բոլոր շահագրգիռ կողմերի, բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող կառուցողական երկխոսության միջոցով:

Այս համատեքստում Սիրիայի արտգործնախարարը արժեւորեց ընդդիմության հետ Մոսկվայում անցկացված բանակցությունները։

Նախարարներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին։

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը եւ Վալիդ ալ-Մուալլեմը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

Այցի օրակարգում էր Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Սիրիայի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ:

Նախարար Նալբանդյանն արժեւորեց Սիրիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության մասնակցությունը Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ կարեւորելով խորհրդարանականների դերը՝ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման եւ կանխարգելման գործում:

Հանդիպմանը քննարկվեցին Սիրիայում իրավիճակի կայունացմանն առնչվող խնդիրներ։

Սիրիայի խորհրդարանի նախագահը ներկայացրեց ճգնաժամի հաղթահարման, ներազգային համերաշխության հասնելու ուղղությամբ խորհրդարանի գործունեությունը, այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները։

Այս առումով նախարար Նալբանդյանը նշեց. «Հայաստանը ցանկանում է, որ բարեկամ Սիրիան շուտ հաղթահարի դժվարությունները եւ վերադառնա բնականոն կյանքին, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»։

Զրուցակիցներն անդրադարձան միջխորհրդարանական համագործակցությանը։ Այդ համատեքստում Սիրիայի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների ուշադրությունը Սիրիայում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ եւ կարեւորեց հաջորդ ամիս նախատեսվող հայաստանյան խորհրդարանական պատվիրակության այցելությունը Դամասկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ