News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 28-ը վերստին բացահայտեց ապրելու բանաձեւը՝ ազգերը չեն վերանում անգամ ցեղասպանության հետեւանքով, եթե իրենց մեջ են փնտրում փրկության բանալին: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Առաջին հանրապետության օրվա առթիվ հայտարարություն է տարածել «Հիմնադիր Խորհրդարանը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«100 տարի առաջ ցեղասպանության ենթարկվելուց հետո հայությունն իր սարդարապատյան մաքառումով ապացուցեց, որ ազգերը չեն վերանում անգամ ցեղասպանության հետեւանքով, եթե իրենց մեջ են փնտրում փրկության բանալին:

1918 թ. մայիսյան օրերին, երբ թվում էր, թե ամեն ինչ արդեն վերջացած է, մեր ժողովուրդը ներքին բնազդով համախմբվեց եւ Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական զինված ընդվզմամբ ոչ միայն կասեցրեց օտար ցեղասպանի ընթացքը, այլեւ վերականգնեց իր գոյության եւ ապագայի իրավունքի միակ երաշխիքը՝ ազգային պետականությունը:

Ցավոք՝ Ցեղասպանությունը եւ հայրենազրկումը, ինչպես նաեւ արտաքին անբարենպաստ պայմանները չափից շատ էին թուլացրել մեր ազգային ներուժը, այդ պատճառով մեր նորաստեղծ պետությունն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ եւ մենք որպես գաղութ հայտնվեցինք խորհրդառուսական կայսրության՝ ԽՍՀՄ-ի կազմում:

70-ամյա ընդմիջումից հետո այդ կայսրության փլուզման շնորհիվ մենք նորից ինքնիշխան կյանքի հնարավորություն ձեռք բերեցինք:

Սակայն՝ դարձյալ մի շարք ներքին ու արտաքին հանգամանքների պատճառով մեր պետությունը ոչ միայն չկայացավ, այլեւ վերածվեց կեղեքման ու արտագաղթի միջոցով մեր ժողովրդին սպիտակ ցեղասպանության ենթարկող գործիքի:

Միեւնույն ժամանակ՝ 100 տարի առաջվա համեմատությամբ մեր վրա ազդեցություն ունեցող ներքին եւ արտաքին գործոնները շատ ավելի բարենպաստ են, ինչը մեզ հնարավորություն է տալիս 100 տարի առաջ տեղի ունեցածի դասերը քաղելով այնպես անել, որ կարողանանք հետ շրջել պատմության անիվը:

Նախ՝ այսօրվա հիմնական հակառակորդը ոչ թե արյունարբու ոսոխն է, այլ ապազգային ու հանցավոր ռեժիմը, որը մեր վրա ազդելու շատ ավելի քիչ հնարավորություն ունի: Բացի այդ, այսօրվա կյանքի որակը, սոցիալ-տնտեսական վիճակը, անկախության սերնդի առկայությունը եւ մի շարք այլ ներքին գործոններ դրական իմաստով էապես տարբեր են մեկ դար առաջվա համեմատությամբ: Ճիշտ է, ԵՏՄ անդամակցությամբ ռեժիմը ստալինյան մեթոդներով մարդու իրավունքները խախտելու ինդուլգենցիա ստացավ, սակայն նրա ռեսուրսները բավարար չեն բռնության համակարգ հաստատելու համար, ինչի մասին է վկայում նրա ճոճանակային տատանումը Արեւմուտքի եւ Հյուսիսի միջեւ: Ռեժիմը թույլ է նաեւ ներքուստ, որովհետեւ պետական կառավարման համակարգը մտնում է իշխանության փոխանցման, ուրեմն՝ նաեւ ներքին պայքարի սրացման փուլ, ինչպես նաեւ ի վիճակի չէ դիմագրավելու ֆինանսատնտեսական ճգնաժամի, արտաքին ֆինանսավորման ընդհատման եւ արտաքին ու ներքին փոփոխվող իրավիճակով պայմանավորված նորանոր մարտահրավերներին:

Մյուս կողմից՝ այսօր տարածաշրջանում ուժերի եւ դերակատարների զգալիորեն տարբեր խճանկար է ձեւավորվել: Գլխավոր տարբերությունը 20-ամյա միջազգային շրջափակումից դուրս եկող եւ հետզհետե հզորացող Իրանի առկայությունն է, որի հետ մեր հիմնական շահերը համընկնում են: Անշուշտ, մեզ համար զգալի խոչնդոտ է ԵՏՄ անդամակցությամբ մեր պետության կարգավիճակի անկումը, սակայն բավարար դիմադրության պարագայում մենք կարող ենք վերահաստատել մեր ինքնիշխանությունը եւ իրական սուբյեկտի վերածվելով՝ մեր ուրույն տեղն ու դերը զբաղեցնել տարածաշրջանում:

Սակայն այս ամենը կարող է իրականություն դառնալ միայն այն պարագայում, եթե մենք ականջալուր լինենք մայիսի 28-ին խորհրդին: Հակառակ դեպքում՝ Ցեղասպանությունից 100 տարի անց նորից կանգնելու ենք լինել-չլինելու խնդրի առաջ:

Մայիսի 28-ի խորհուրդը եւ Առաջին հանրապետության փորձը նաեւ հուշում են, որ դիմադրությունը պետք է լինի ժամանակին: Սա այն դեպքն է, երբ հապաղելը մահվան է հավասար: Եթե մենք սպասենք, ժամանակ վատնենք եւ հետաձգենք ընդվզումը, ապա պատմությունը կարող է 100-ամյա շրջափուլով չար կատակի նման կրկնվել: Այդ դեպքում, եթե նույնիսկ մեզ հաջողվի հեռացնել ցեղասպան ռեժիմին, օրեցօր նվազող մեր ներուժը կարող է բավարար չլիներ պետականությունը եւ Հայրենիքի այս վերջին կտորը պահպանելու համար:

Հիմնադիր խորհրդարանը, իրավիճակը գնահատելով որպես սարդարապատային եւ առաջնորդվելով պատմական պահի ճակատագրականության գիտակցությամբ, բոլոր առողջ ուժերին ու անհատներին կոչ է անում սկսել ազգային համախմբումը եւ քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողություններով ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնել սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին, այնուհետեւ կազմակերպել արտահերթ ընտրություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ