News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բանակում մահացած զինծառայողների ծնողները չեն հավատում, որ նախագահական նստավայրի մոտ մայիսի 13-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու միջադեպով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի արդյունքում որեւէ ոստիկան կպատժվի: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը:

«Ես չեմ հավատում, որ մեր հանդեպ կատարված բռնության դեպքով ինչ-որ մեկը պատժվի, քանի որ ոստիկաններին վերեւից են այդ հրամանը տվել: Ոչ մի ոստիկան կյանքում ինքն իրեն նման բաներ թույլ չէր տա»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իրենց հանգստացնելու համար են քրեական գործ հարուցել:

Տիկին Իրինայի կարծիքով՝ ընդհակառակը, իրենց հանդեպ բռնություն գործադրած ոստիկանները կխրախուսվեն, այլ ոչ թե կպատժվեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիա անցկացնող կանանց նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու դեպքի առիթով: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, այն պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6  տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը մայիսի 13-ին Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրի մոտ՝  իրենց հերթական բողոքի ակցիան են անցկացրել, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել էին դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ բողոքի ակցիա անցկացնել չի թույլատրվում։

Զոհված զինծառայողների ծնողները ոստիկանությունում բողոք են ներկացրել դեպքի վերաբերյալ։ Նշանակվել է ծառայողական քննություն։

Նշենք, որ մահացած զինծառայողների ծնողները դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել, որի արդյունքները դեռ հայտնի չեն:

Տպել
Ամենաշատ